Գյումրին նորովի կառուցելու գործընթացն սկսվել և շարունակվում է. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել Շիրակի մարզում: Նախորդ տարի այստեղ 3,3 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրեր են իրականացվել` ճանապարհաշինությունից մինչև դպրոցաշինություն: Այս տարվա համար մարզի համայնքները ներկայացրել են 4,4 մլրդ դրամի 62 սուբվենցիոն ծրագրի հայտ:
Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ - Անհրաժեշտ է հաշվի առնելով նախորդ տարվա առանձնահատկությունները` հանրապետությունում նոր թափով իրականացնել մեծածավալ կապիտալ ծրագրեր: Չպետք է լինի լավ, արդյունավետ, բովանդակություն ունեցող ու տրամադրություն հաղորդող որևէ լավ ծրագիր, որի համար ֆինանսավորում չտրամադրենք: Պետք է քաջալերել բոլոր համայնքներին, ներդրողներին` իրականացնելու նմանատիպ ծրագրեր, որոնք կունենան առավելագույն տնտեսական արդյունք, միաժամանակ կապահովեն որակն ու շինաշխատանքների արդյունավետությունը:
Գործադիրը մտադիր է ամեն կերպ ներդրումներ բերել մարզ: Պատրաստ են բիզնեսին աջակցել ենթակառուցվածքների` ասֆալտապատման, գազի, ջրի ցանցերի կառուցման հարցում: Գյումրին նորովի կառուցելու վարչապետի հայտարարության փակագծերը բացվում են արդեն քաղաքապետի խոսքում: Սամվել Բալասանյանը նշում է՝ հիմնանորոգվել է 31 փողոց, ևս 37 փողոց էլ վերակառուցվել է: Մինչև 2022 թվականի ավարտը Գյումրիում հիմնանորոգված կլինի մոտ 180 կիլոմետր ճանապարհ` քաղաքի փողոցների 70 տոկոսը:
ՆԻկոլ Փաշինյան - Շիրակի մարզում և Գյումրի քաղաքում մենք 2019 թվականին բավականին տեսանելի և շոշափելի տեղաշարժ տեսանք: Հետագայում կորոնավիրուսի համավարակը և պատերազմը որոշակիորեն փոխեցին իրավիճակը, բայց մենք պետք է հիմա ապահովենք, որպեսզի այն ծրագրերը, որ ունեցել ենք նախանցած շրջանում, ոչ միայն պատշաճ ձևով իրականացվեն, այլև կարողանանք նոր ծրագրեր ձևակերպել, նոր խթաններ ստեղծել և, իսկապես, փոխել ընդհանուր իրավիճակը, ընդհանուր տրամադրությունը և, ընդհանրապես, Հայաստանի Հանրապետությունը, Շիրակի մարզը, Գյումրին բերել մի այնպիսի իրավիճակի, որն առնվազն կբավարարի բոլորիս:
Խորհրդակցության ընթացքում, անդրադառնալով Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցմանը, պատասխանատուները զեկուցել են՝ այս տարի նոր թափով կիրականացվեն Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածների շինաշխատանքները: Ընդհանուր առմամբ, 2020 թվականին, կորոնավարակի և պատերազմի պայմաններում անգամ մարզում նախատեսված ծրագրերն 80-90 տոկոսով կյանքի են կոչվել՝ նշել է մարզպետը:
Վարչապետի օրակարգի կարևորագույն կետերից մեկը՝ գերեվարված զինվորների հարազատների հետ հանդիպումն էր: Այն անցել է փակ ռեժիմով: Ավելի վաղ Փաշինյանը նշել էր՝ «որքան քիչ լինի այս ուղղությամբ հրապարակային աշխատանքը, այնքան լավ»: Այցի ընթացքում վարչապետն անդրադարձել է նաև Շիրակի մարզ տեղափոխված արցախցիների կարիքների ապահովմանը վերաբերող հարցերին: