Արցախում ռուսերենը կարող է պաշտոնական լեզու դառնալ: Արցախի խորհրդարանում շրջանառվում է «Լեզվի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը: «Ազատ հայրենիք» խմբակցության անդամ, նախագծի համահեղինակ Արամ Հարությունյանը հորդորում է պաշտոնականն ու պետականը տարբերակել՝ պետականը եղել ու մնում է միայն հայերենը:
Արամ Հարությունյան, Արցախի ԱԺ պատգամավոր, օրինագծի համահեղինակ - Պետական լեզուն փոխելու համար պետք է հանրաքվե լինի, ինչը, իհարկե, օրակարգում չկա: Իսկ պաշտոնական լեզուն հասարակության գրական և գիտական պահանջներին ծառայող լեզուն է, ավելի պարզ ասած՝ աշխատանքային լեզուն է երկրի:
Արամ Հարությունյանը նշում է՝ պետք է հաշվի առնել նոր իրողությունները, այդ թվում՝ ռուս խաղաղապահների ներկայությունն ու Ռուսաստանում հայկական մեծ համայնքի առկայությունը:
Արամ Հարությունյան - Սա հնարավորություն է տալու նաև պետական որոշ ատյաններին որոշ նամակագրություններ կամ պաշտոնական խոսքեր կատարել ռուսերեն լեզվով: Փոփոխությունը սրան է վերաբերում:
«Արդարություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը ևս մասնակցել է օրենքի մշակումներին, սակայն այսօր հայտարարել է՝ կհրաժարվի համահեղինակ լինել, եթե գործընկերները չընդունեն իր առաջարկը: Այն ավելի շատ գործող օրենքում լրացման տեսքով է:
Մետաքսե Հակոբյան, Արցախի ԱԺ պատգամավոր, օրինագծի համահեղինակ - Ներկայացրել եմ իմ ձևակերպումը, որտեղ պահպանվում է լեզվի մասին օրենքի 1-ին հոդվածի երկրորդ մասը, այսինքն՝ ԼՂՀ պաշտոնական լեզուն գրական հայերենն է, այնուհետև ավելացվում է, որ կարող է գրական հայերենի հետ մեկտեղ օգտագործվել նաև ռուսերենը:
Պատգամավորի խոսքով՝ օրենսդրական նախաձեռնությունը պահանջված է, քանի որ այսօր լեզվի մասին օրենքը խախտվում է: Ռուսական կողմի հետ փաստաթղթաշրջանառությունը ռուսերեն է:
Մետաքսե Հակոբյան - Որպես պատգամավոր, ռուսական կողմին որևէ գրություն փոխանցելու համար պիտի գրեմ հայերեն լեզվով՝ ստորագրությունս դնելով հայերենի տակ: Հետո ի՞նչ պիտի արվի, պիտի թարգմանվի ռուսերեն կամ նոտարական թարգմանություն կատարվի:
Լեզվի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը հիմա ուսումնասիրում է Արցախի կառավարությունը: Դրան կհաջորդի հանրային քննարկումների փուլը, որից հետո կմտնի գլխադասային հանձնաժողովում: