Փետրվարի 17-ին «Պրիզմա» հետազոտական ընկերության տնօրեն Լիանա Պողոսյանը հրավիրված էր ԱԺ՝ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովին ներկայացնելու վերջերս արված հետազոտության արդյունքները: «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակում իրականացվել է հետազոտություն՝ ուղղված «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» ՀՀ օրենքի սոցիալական եւ առողջապահական պարտադիր խնդիրներին վերաբերող հոդվածների կատարման վերահսկողությանը:
Հարցումն իրականացվել է 10 մարզից ընտրված 30 թիրախային համայնքների 472 բնակիչների շրջանում: 19 համայնքի կամ աշխատակազի ղեկավարների հետ անցկացվել են հարցազրույցներ:
Ուսումնասիրվել են առողջապահական և սոցիալական պաշտպանության ծրագրերի վերաբերյալ բնակչության իրազեկվածության աստիճանը, նշված ծառայություններից նրանց բավարարվածությունը, ինչպես նաև համայնքի դերի վերաբերյալ կարծիքը:
Հետազոտության արդյունքները ցույց տվեցին, որ համայնքների և աշխատակազմերի ղեկավարների շրջանում իրազեկվածության աստիճանը բավարար մակարդակի չէ: Նշվեց նաև, որ բացակայում է «սոցիալական ծրագիր» հասկացության ընկալումը:
Սոցիալական պաշտպանության լիազորությունների իրականացման առաջնային խոչընդոտ է համարվել ֆինանսական ռեսուրսների սղությունը:
Համայնքների հնգամյա և տարեկան զարգացման պլաններում ներառված չեն եղել ծնելիության և բազմազավակության խթանմանն ուղղված ծրագրեր:
Հարցվածների 84.5%-ը տեղյակ է, որ Հայաստանում առաջնային բուժօգնության ծառայություններն անվճար են, իսկ 82.4%-ն իրազեկված է, որ որոշ դեպքերում հիվանդներին տրամադրվում է անվճար դեղորայք:
Նարեկ Զեյնալյանի գնահատմամբ՝ կատարվել է բովանդակային եւ տեղեկատվական ծավալուն աշխատանք: Առաջիկայում կկազմակերպվեն քննարկումներ համապատասխան նախարարությունների ներկայացուցիչների հետ:
Հաշվի առնելով հետազոտության արդյունքները՝ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը հանդես կգա փոփոխությունների օրենսդրական փաթեթով: Դրանց ընդունմամբ ավելի արդյունավետ կդառնա համայնքներում սոցիալական և առողջապահական խնդիրների լուծումը: