Երևանի բազմաբնակարան շենքերի կցակառույցները իսկական աղետ են դարձել: Դրանք խոցելի են դարձնում շենքը անվտանգության տեսանկյունից: Ճարտարապետների միության նախագահը ուշադրություն է հրավիրում խնդրին՝ փաստարկելով նաև, որ կցակառույցների մեծ մասը ապօրինաբար են կառուցված:
Ճարտարապետների միության նախագահը բոլորին է հարց ուղղում: Դժգոհությունը շինարարական նորմերի խախտմանն է վերաբերում: Ասում է՝ անթույլատրելի է անվտանգությունը փոխարինել ժամանակավոր հարմարավետությամբ:
Մկրտիչ Մինասյանը Երևանի փողոցների ցանցն ու շենքերի դիրքը համարում է հաջողված, բայց կցակառույցն աղետ է՝ ճարտարապետության և անվտանգ ապրելու համար:
Մկրտիչ Մինասյան (Ճարտարապետների միության նախագահ) - «Կցակառույցների տարօրինակ բաներ կան, որ մարդու մտքով չի անցնում՝ ես ոչ մի տեղ չեմ հանդիպել նման բաներ, որ տնտեսական բալկոնը որ կա, նրան կից ևս երեք չորս՝ գնացքի նման կից ցցերի վրա կառուցված է»:
Խնդիրը նոր չէ, բայց չի էլ լուծվում; Տնից աշխատանքի գնալիս ճարտարապետը նկատել է 6 կցակառույց մեկ տանիքին: Գիտի պատճառը՝ մեկը կառուցել, ինչ-ինչ ճանապարհով օրինականացրել է, մյուսներն էլ հետևել են օրինակին: Շատ թույլտվություններ է տեսել պատրվակով, թե տանիքի թեքությունը պետք է ավելացվի: Բայց դա՝ միայն թղթի վրա:
Մկրտիչ Մինասյան - «Նախագիծն այդպես է, բայց նախագիծը դնում են մի կողմ, քանի որ տանիքի վրա ամեն օր նայող չկա, նրանք էնտեղ անում են երկհարկանի կառույց. դե, ոնց կարելի է»:
Օրենքը չի թույլատրում, բայց կառուցում են, հետո մտածում օրինականացնելու մասին: Մինասյանը մտավախություն ունի՝ քաղաքային կառույցները շատ խիտ են, կարիքի դեպքում շենքերին մոտենալ չի լինի:
Մկրտիչ Մինասյան - «Տարին քիչ է՝ երկրաշարժից երկրաշարժ... Մենք Գյումրի չէինք կարողանում մոտենալ, ամբողջ փողոցները փակ են, փլված տները չեն թողնում, պատկերացնում եք՝ ինչ կլինի երևանյան կենտրոնում»:
Օրինական թե անօրինական՝ ցանկացած կցակառույց իսկական աղետ է բազմաբնակարանի համար: Սեյսմիկ անվտանգության մասնագետը շենքերի խոցելիության պատճառ է համարում սխալ շահագործումը: Բնակչի կատարած փոփոխությունները, որպես կանոն, խարխլում են շենքի հիմքերը՝ վտանգելով ոչ միայն իր, այլև հարևանների կյանքը:
Արմեն Խաչատրյան (ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության գլխավոր մասնագետ) - «Եթե շեղված է զանգվածների կենտրոնը, շենքը ինքը որպես սեյսմակայուն համակարգ, ճիշտ նախատեսվածի պես չի գործում, դրանք պետք է անհապաղ մոնտաժել, վերացնել բոլոր փոփոխություններ, վերականգնել իրական պարագծերը»:
Ինքնակամ կառույցները հայտնաբերվում են քաղաքաշինության, տեղնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնը: Նման դեպքերում համապատասխան գրություն է ուղարկվում Երևանի քաղաքապետին՝ կցակառույցները կասեցնելու և հետևանքները վերացնելու համար: Այդ պարտականությունը դրված է համայնքի ղեկավարի վրա՝ այս պարագայում՝ Երևանի քաղաքապետի:
Նորայր Դանիելյան (ՔՏՀԱՏՄ մասնագետ) - «Չկատարման պարագայում որպես կանոն երկրորդ անգամ ևս գրություն և ցուցում է ներկայացվում համայնքի ղեկավարին, չկատարման պարագայում տվյալ անգործությունը դիտվում է դիտավորությամբ կատարվող և հաղորդումէ ներկայացվում դատախազություն: Այս պահին էլ նախաքննական մարմիններում, մասնավորապես քննչական կոմիտեում առկա են երևանում տեղի ունեցած ինքնակամ կառույցները չկանխելու քրեական գործեր»:
Երևանի քաղաքապետարանից պարզաբանում են՝ Եթե կցակառույցը շենքի բնակիչների սեփականություն համարվող հողատարածքի վրա է, օրինականացնելու համար անհրաժեշտ է բոլոր սեփականատերերի համաձայնությունը, նաև սեյսմիկ եզրակացություն ու տվյալ կցակառույցը համապատասխանում է արդյոք քաղաքաշինական նորմերին:
Հովսեփ Կուբատյան (Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ) - «Այդ ժամանակ նոր դիմումները քննարկվում են, եթե կցակառույցը կառուցված է համայնքային հողի վրա, այդ դիմումը նույնիսկ չի էլ քննարկվում, որովհետև այդտեղ կոնկրետ համայնքային հող է զավթած»:
Անկախ մտադրությունից և փաստաթղթերի առկայությունից՝ մասնագետները՝ հատկապես սեյսմիկ անվտանգության, կոչ են անում ռիսկի չգնալ, ապրել առանց կցակառույցի, կարևորը անվտանգությունն է: