Փետրվարի 17-ին աշխատանքային այցով Ռուսաստանում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Զրուցակիցներն ընդգծել են Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային համագործակցության բարձր մակարդակն ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային կազմակերպությունների, տարածաշրջանային անվտանգության և ինտեգրացիոն ձևաչափերի շրջանակներում: Կարևորվել է երկու երկրների քաղաքական գերատեսչությունների միջև ոլորտային խորհրդակցությունների անցկացումը, տարբեր մակարդակներում ինտենսիվ երկխոսության պահպանումը։
Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի: Մտքեր են փոխանակվել նոյեմբերի 9-ի և դրանից բխող հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների դրույթների կյանքի կոչման շուրջ:
Այդ կապակցությամբ հրատապ հասցեագրում պահանջող հումանիտար խնդիրների համատեքստում նախարար Այվազյանը շեշտել է ռազմագերիների և պատանդի կարգավիճակում պահվող անձանց հայրենադարձման կարևորությունը՝ նշելով, որ խնդրի արհեստական ձգձգումն Ադրբեջանի կողմից լուրջ խոչընդոտներ է ստեղծում եռակողմ հայտարարությունների կենսագործման ճանապարհին։
Նախարար Այվազյանը բարձր է գնահատել Արցախում հումանիտար իրավիճակի բարելավման ուղղությամբ ռուսական կողմի ջանքերը: Հանդիպման օրակարգում էին նաև ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսմանն առնչվող հարցեր: Երկուստեք ընդգծվել է կարգավորման առանցքային հարցերի հասցեագրումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։