Իրանի Իսլամական Հանրապետության հնարավոր անդամությունը Եվրասիական տնտեսական միությանը, թերևս, հավակնում է դառնալ ընթացիկ տարվա կարևորագույն քաղաքական-տնտեսական իրադարձություններից մեկը։ Համենայնդեպս, փաստը, որ մի քանի օր առաջ ԻԻՀ Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը մոսկովյան այցից վերադառնալուց հետո հայտարարեց, թե Թեհրանը պատրաստ է միանալ ԵԱՏՄ-ին և դառնալ այս կազմակերպության լիիրավ անդամ, խոսում է զարգացումների լրջության մասին։
Խնդիրն այն է, որ Իրանի իշխանություններն ակնկալում էին, որ Սպիտակ տան տիրոջ փոփոխությունից հետո Բայդենի վարչակազմը եթե առնվազն չի չեղարկի Թեհրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները, ապա գոնե քայլեր կանի դրանց թուլացման ուղղությամբ։ Վաշինգտոնն, ըստ երևույթին, հապաղեց ավելի, քան ակնկալում էր Թեհրանը, և, որպես հետևանք, Իրանը հայտարարեց ԵԱՏՄ-ին միանալու սկզբունքային որոշում կայացնելու մասին։ Սա, ի դեպ, չի նշանակում, թե «խաղն» ավարտված է, որովհետև ոչ անմիջապես, սակայն ամերիկյան վարչախումբն «արթնացավ»։ Մասնավորապես, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ԱՄՆ Ազգային հանրային ռադիոընկերությանը տված հարցազրույցում երեկ հայտարարել է, որ եթե Իրանը վերադառնա 2015 թվականին Թեհրանի ու մեծ տերությունների միջև ստորագրված «միջուկային համաձայնագրին», և նույնն անի նաև Վաշինգտոնը, ապա դա հնարավորություն կտա աշխատել ավելի երկարաժամկետ ու հիմնավոր փաստաթուղթ ստորագրելու ուղղությամբ։ Կարելի է ենթադրել, որ այս հեռանկարը Իրանին այնքան էլ չի գայթակղել։ Թեհրանն արդեն այսօր հրաժարվել է իր միջուկային օբյեկտներ թողնել ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությանը՝ նշելով, թե դրա համար նախ անհրաժեշտ է, որպեսզի ԱՄՆ-ը կրկին միանա արդեն հիշատակված միջուկային համաձայնագրին։
Այսպես թե այնպես, ԵԱՏՄ-ին միանալու պաշտոնական հայտարարությունն արված է, և հիմա կողմերը «խաղալու» են՝ աչքի առաջ ունենալով այն նոր իրողությունը։ Իսկ դրա իրականություն դառնալու դեպքում կարող է շատ հետաքրքիր զարգացումներ լինեն արդեն ոչ միայն բուն ԵԱՏՄ-ում, այլև մեր տարածաշրջանում։ Խոսքը ոչ այնքան քաղաքական, որքան տնտեսական զարգացումների մասին է։ Չնայած՝ հանուն արդարության պետք է ընդգծել, որ դրանք իրարից բխյալ են։ Նախ՝ Իրանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին կհանգեցնի կազմակերպության ներսում ուժերի որոշակի վերաբաշխման։ Եթե հիմա Ռուսաստանը ոչ միայն ԵԱՏՄ-ի խոշորագույն տնտեսությունն է, այլև կազմակերպության լոկոմոտիվը, ապա Իրանի անդամության դեպքում «գնացքը» զգալիորեն կերկարի (խոսքն 80 միլիոնանոց շուկայի մասին է), այլև կհայտնվի երկրորդ լոկոմոտիվ, ինչի հաշվին կազմակերպության ներսում որոշակի հավասարակշռություն կստեղծվի։ Երկրորդ՝ Իրանի անդամակցումը ԵԱՏՄ-ին կազմակերպությունն ավելի գայթաղիչ կդարձնի Հնդկաստանի համար, որը, ի դեպ, շուրջ տասը տարի է, ինչ աշխատում է նոր «Մետաքսի ճանապարհ» ստեղծելու ուղղությամբ։ Այս ծրագիրը նախատեսում է Հնդկաստանից ծովային ճանապարհով հասնել Իրան, այնուհետ Հայաստանով (կամ Ադրբեջանով) հասնել վրացական սևծովյան նավահանգիստներին, իսկ հնարավորության դեպքում նաև երկաթգծով հասնել Ռուսաստան։ Այդ առումով բավական հետաքրքրական է, որ մի քանի օր առաջ աբխազական իշխանությունները «հանկարծ» հիշեցին, որ Աբխազիայում գոյություն ունեցող միակ ակտիվը՝ երկաթգիծը, կարող է պետք գալ թե՛ Ռուսաստանին, թե՛ Հայաստանին և Իրանին, և, ինչու ոչ, նաև Թուրքիային ու Ադրբեջանին։ Եվ սա այն դեպքում, երբ Աբխազիան արդեն շուրջ երկու տասնամյակ հետևողականորեն «ջրում» էր երկաթուղու վերագործարկման բոլոր առաջարկներն ու փորձերը։
Սրա հետ մեկտեղ, Իրանի մասնակցությունը ԵԱՏՄ-ին Հայաստանին հնարավորություն կտա դադարել լինել այս կազմակերպության «ծայրամասային փակուղին», ինչը, բնականաբար, կհանգեցնի տնտեսական որոշակի ակտիվության ինչպես Իրան-Հայաստան սահմանային գոտում, այնպես էլ հայ-վրացական սահմանին։ Սրանից բացի՝ բացառված չէ, որ արդեն Իրանի և ԵԱՏՄ-ին Իրանի անդամակցությամբ շահագրգռված Ռուսաստանի ճնշման ներքո Ադրբեջանն ի վիճակի չլինի մերժել և ստիպված լինի թույլ տալ Երասխից Սադարակ երկաթուղու կառուցումը, ինչի արդյունքում Հայաստանը կմիանա դեպի Իրան տանող և, համապատասխանաբար, Իրանից դեպի արդեն Հայաստան տանող երկաթուղուն։ Իսկ եթե նաև հնարավոր դառնա վերակենդանացնել աբխազական երկաթուղու վերագործարկման ծրագրերն, ապա Հայաստանը կդառնա մասը մի ծրագրի, որը, միգուցե, «Մետաքսի ճանապարհ» չէ, բայց միանշանակ հիմնովին կփոխի տարածաշրջանի դիմագիծը: Այս անգամ՝ այդ ձևակերպման արդեն դրական իմաստով։