Բիզնեսը կորոնավիրուսի ու պատերազմի ազդեցությունից հետո սկսում է աշխուժանալ: Փետրվարի առաջին կեսին արձանագրվել է 259 մլրդ դրամի իրացման շրջանառություն: ՊԵԿ-ի տվյալով՝ նման ցուցանիշ անցած տարվա մարտից չէր գրանցվել:
Ռաֆիկ Մաշադյանին ոգևորել է ՊԵԿ-ի օպերատիվ վիճակագրությունը: Մոնիթորինգային կենտրոնում ամենօրյա ռեժիմով ստացված տվյալները վկայում են. այս փետրվարի 1-15-ը բիզնեսն ավելի շատ գործարքներ է գրանցել, քան՝ նախորդ տարվա նույն ժամակահատվածում: Հարկ վճարողների տպած ՀԴՄ կտրոնների ու դուրս գրած հաշվարկային մյուս փաստաթղթերի քանակը հասել է մոտ 20.2 միլիոնի. այն 604 հազար հատով կամ 3 տոկոսով գերազանցում է 2020-ի նմանատիպ ցուցանիշը: Գումարային արտահայտությամբ՝ իրացման 259 մլրդ դրամ շրջանառությունն էլ 31.4 մլրդ դրամով կամ 12 տոկոսով է ավելի:
Ռաֆիկ Մաշադյան (ՀՀ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ) - Նման պատկեր մենք չենք ունեցել 2020-ի մարտից սկսած, երբ կորոնավիրուսի համավարակն իր բացասական ազդեցություն ունեցավ տնտեսության վրա, հետո նաև՝ պատերազմը:
Հարկահավաքների համար այս աճը կարևոր է՝ ոչ միայն բյուջեի մուտքերն ապահովելու, այլև պասիվացած տնտեսության գնահատականը թարմացնելու առումով: 2020-ի փետրվարի առաջին կեսին՝ կորոնան չէր հասցրել ոչ ռեստորանները դատարկել, ոչ հյուրանոցները, բիզնեսն այդ ժամանակ դեռ բնականոն ռեժիմով էր աշխատում: Ասել է, թե այժմ արձանգրված աճը անկումային ցուցանիշից չէ՝ շեշտում է ՊԵԿ նախագահի տեղակալը:
Ռաֆիկ Մաշադյան - Շատ լավ է, որ աճն արձանագրվել է տնտեսության առողջ ժամանակահատվածի համար: Դուրս գրված փաստաթղթերի քանակն ավելացել է 604 հազարով, իրացման շրջանառությունը 31.4 միլիարդով, 12 տոկոսով:
Ավելացած շրջանառության մեջ ո՞ր մասն են տնտեսվարողներն իրենք՝ կամովին, սրտացավ գրանցել, ի՞նչ բաժին ունի ՊԵԿ-ի վարչարարությունը՝ վերլուծությունն ավելի ուշ կլինի: