Գրքի հետ Արցախի դրոշը որպես հուշանվեր ընտրած եվրոպացին կասկած անգամ չուներ, որ աշխարհում նշվում է գիրք նվիրելու միջազգային օրը: Մեր համաքաղաքացիներն էլ առավելապես այս տոնը կապում են Թումանյանի ծննդյան օրվա հետ:
Գիրք նվիրելու միջազգային օրվա նախաձեռնությունն սկսվել է 2012-ին, երբ ամերիկուհի բլոգեր, մանկական կայքի հիմնադիր Էմմի Բրոդմուրը հանդես եկավ առանց որևէ առիթի միմյանց գիրք նվիրելու առաջարկով: Գրքի հայկական տոնը ծնվել էր շատ ավելի վաղ՝ 2008-ին՝ Լևոն Անանյանի առաջարկով, որը շատ արագ վերածվեց գեղեցիկ ու սիրված ավանդույթի:
Գրքի միջազգային տոնն ընթերցանության քարոզչության սահմանն անհամեմատ ընդլայնելու լավ առիթ համարելով՝ «Բուկինիստն» արդեն սկսել է տոնական անակնկալները: Եթե փերտվարի 19-ին Հովհաննես Թումանյան անունով մեկն անձնագրով ներկայանա «Բուկինիստ», 30 % զեղչ կստանա գրքերի անսահմանափակ քանակի գնման համար, կլինի նաև մրցանակային խաղարկություն:
Փետրվարի 15-ից օրեցօր աճում է ակտիվությունը գրախանութներում՝ փետրվարի 19-ին այն հասնում է բարձրակետին: Այդ օրը գրախանութի բոլոր մասնաճյուղերում, որպես գրքի վաճառքի խորհրդատու, հանդես կգան գրական ու հրատարակչական գործի հայտնի մասնագետներ՝ Զավեն Բոյաջյանը, Գուրգեն Խանջյանը, Արքմենիկ Նիկողոսյանը:
«Բուկինիստն» իր հիմնական՝ «Լավագույն նվերը գիրքն է» կարգախոսին հավելել է նորերը՝ «Կարդա՝ փոխիր աշխարհը» և ամենաթարմը՝ «Կարդալ սկսիր այսօր»: