Արցախի Հանրապետության գլխավոր դատախազի 15.02.2021 թ. հրամանով՝ 2020 թ․ սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված անձանց իրավունքների ենթադրյալ խախտումների վերաբերյալ դիմումների, մամուլում տարածված կամ կապի միջոցներով ստացված տեղեկությունների ուսումնասիրության և ենթադրյալ հանցավոր դեպքերի վերաբերյալ հաղորդումների գրանցումն ու ընթացքավորումը համակարգելու նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ հայտնում են ԱՀ դատախազությունից:
Համաձայն հրամանի` խմբի գործունեության նկատմամբ վերահսկողությունը կիրականացնի գլխավոր դատախազ Գ. Ներսիսյանը, իսկ խումբը կղեկավարի գլխավոր դատախազի տեղակալ Ն. Հարությունյանը: Խմբում ներգրավված են գլխավոր դատախազության բաժինների պետեր, քաղշրջդատախազներ:
Հաղորդումների քննարկման արդյունքները և կայացված որոշումները օպերատիվ կերպով կլուսաբանվեն ինչպես դատախազության պաշտոնական կայքէջում, այնպես էլ զանգվածային լրատվամիջոցներով: