ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը գրառում է արել.
«ՍՍ-ն մոռացել է՝ ինչպես է անձամբ թույլ տվել, որ 2008 թ․ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղից առաջ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի լոգոյի և հավաքականի մարզաշապիկի վրա զինանշանից Արարատ լեռան պատկերը հանվի թուրքերին հաճոյանալու համար։
ՍՍ-ն մոռացել է, որ անձամբ համաձայնել է ստորագրել հայ-թուրքական այնպիսի արձանագրության տակ, որը կասկածի տակ է դնում Հայոց ցեղասպանության իրողությունը։ Ըստ արձանագրության այդ հարցը պետք է վճռեին հայ և թուրք պատմաբաններից կազմված պատմաբանները։
ՍՍ-ն մոռացել է, որ 2013-ին նախագահի պաշտոնը ստանձնելուց և Արևմուտքից դրական գնահատականից հետո Հայաստանի անվտանգության հավելյալ ապահովման միջոցները ներդնելու պատրվակով մեր երկիրը հրաժարվեց իր զարգացման կարևոր ուղղությունից՝ ԵՄ-ի հետ ասոցացման հնարավորությունից։
ՍՍ-ն մոռացել է իր պաշտոնավարման ժամանակ Ավետիսյանների ողջ գերդաստանի սպանությունը, Էլեկտրիկ Երևանը, գազային խայտառակ պայմաններով պայմանագրի կնքումը, «Սասնա ծռերի» ապստամբությունը, 2014 թ․ լարումները, 2016-ի ապրիլյան պատերազմը և այլն։
ՍՍ-ն չի հիշում, որ 2016-ին ինքը ոչ միայն հրաժարվել է ճանաչել Արցախի անկախությունը, այլև նույն թվականին մերժել է Արցախի և Հայաստանի միջև ռազմական փոխօգնության պայմանագիր կնքել։
ՍՍ-ն մոռացել է, որ իշխանության է եկել արյան վրա՝ Մարտի 1-ից հետո կեղծված ընտրությունների արդյունքում, որից հետո բոլոր համապետական ընտրությունները՝ 2012-ին, 2013-ին, սահմանադրական հանրաքվեն 2015-ին և ԱԺ ընտրությունները՝ 2017-ին, անցկացվել են բռնություններով, ապօրինություններով, 2013-ին թեկնածուներից մեկի սպանության փորձով և այլն։
Իհարկե, ՍՍ-ն չէր կարող կանխատեսել հեղափոխությունը, բայց հեղափոխություն թույլ չտալու համար այդ անձը ոչինչ չի արել:
Շարունակելի»: