2018-ին գարնանը ժողովրդական ճնշման տակ հեռացած Սերժ Սարգսյանը երեկ «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված ծավալուն հարցազրույցում հայտարարել է, 10 տարի որպես նախագահ կառավարելուց հետո էլ վարչապետի պաշտոնում մնաց, որ կարգավորի Ղարաբաղի հարցը։ Իր հրաժարականից 3 տարի, իսկ պատերազմից՝ 3 ամիս անց, առաջին անգամ բաց տեքստով երրորդ նախագահը հաստատում է, որ 2008-ից մինչև 2018-ը, երբ ինքը գլխավոր բանակցողն էր, սեղանին դրված է եղել Ադրբեջանին 7 շրջանները վերադարձնելու հարցը, ինչին հայկական կողմը համաձայնել էր։
Սերժ Սարգսյան, Հայաստանի երրորդ նախագահ - Ես ոչ միայն պատրաստ էի ստորագրել, այլ բացառապես համաձայնել եմ մնալ ՀՀ վարչապետ, որ իրականացնեմ այդ տարբերակը։ Եվ ես այն ոչ թե պետք է գաղտնի ստորագրեի, այլ, բնականաբար, երբ հասնեինք նրան, ինչին ձգտում էինք, ապա այդ տարբերակը, ես չեմ ասում՝ հանրաքվեի կդնեինք և այլն, բայց շատ մեծ և բուռն քննարկման առարկա կդարձնեինք հասարակությունում։ Ես վստահ չէի, որ հասարակության մեծ մասը դրան կարող էր սատարել, իհարկե, եթե հիմա հնարավորություն ունենայինք պատմության անիվը հետ պտտելու և վերադառնալու 2018, կարծում եմ՝ մեր բնակչության 99 տոկոսը դրան կողմ կլիներ։
Փոխզիջումներին կողմնակից Սարգսյանը գործող իշխանությանը մեղադրեց հողերը հանձնելու մեջ ու պնդեց, երբ, իր ձևակերպմամբ, նրանք սկսեցին «Ալիևից տեղեկանալ բանակցային պատմության մասին», հասկանալի էր, որ «գնում ենք դեպի պարտություն, դեպի պատերազմ»։ Փոխարենը «Մենք երբեք չենք բանակցել այն մասին, թե ինչ ենք տալու, մենք բանակցել ենք այն մասին, թե ինչ ենք ստանալու»՝ ասում է նախկին նախագահը, որ 2011-ին Կազանում պատրաստ էր 5+2 բանաձևով զիջել տարածքները՝ Ղարաբաղի կարգավիճակը որոշող հանրաքվեի դիմաց։ Այս մասին, ի դեպ, հայ հանրությունն առաջին անգամ տեղեկացավ ռուսական մամուլից՝ Սարգսյանը հարցազրույց էր տվել Դմիտրի Կիսելյովին ու առաջին անգամ էլ խոսել տարածք զիջելու մասին:
Փաստաթուղթը, սակայն, չստորագրվեց, Ալիևն էր հրաժարվել։ Իսկ հետո եղավ Ապրիլյան պատերազմը ու, ըստ Սերժ Սարգսյանի, արդեն 2016-ի աշնանը կար պայմանավորվածություն ունենալ երեք փաստաթուղթ, որից առաջինը՝ ամբողջությամբ չէր բավարարելու հայկական կողմի նվազագույն ցանկությունները։
Սարգսյանը երեկ իր հարցազրույցով հաստատեց՝ բանակցության պրոցեսը հասել էր մի կետի, որ հայկական կողմը պետք է զիջեր 7 շրջանները՝ առանց կարգավիճակի հարցի լուծման հետագա երաշխիքների՝ շեշտում է խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը։ Ռուբինյանի խոսքով՝ իրենց ստացած ժառանգությունը մաքուր փուլային տարբերակ էր։
Պատերազմից հետո էլ «Հանրապետականները» Փաշինյանին մեկ մեղադրում են հողերը հանձնելու, մեկ էլ հողերը չհանձնելու մեջ՝ նկատում է Ռուբինյանն ու շեշտում՝ ճիշտ կլինի, որ քաղաքական ուժերը կոնկրետացնեն իրենց դիրքորոշումները։ Ռուբինյանը հակադարձում է նաև Սարգսյանի այն մեղադրանքներին, որ իշխանության գալուց հետո իրենք հրաժարվեցին 2018-ի ապրիլի 23-ի դրությամբ բանակցային գործընթացում եղած ձեռբերումներից։
Սարգսյանի հայտարարություններում կարմիր թելով անցնում էր այն միտքը, որ բոլոր հնարավոր լուծումներով ենթադրվում էր 5+2 շրջանների փոխանցում Ադրբեջանին։ Այդ դեպքում ինչո՞ւ էին միլիոնավոր դոլարներ ծախսվում Զանգելանի, Կուբաթլուի, Ջաբրայիլի ու մյուս շրջանները զարգացնելու համար՝ սա էլ նկատում է խորհրդարանի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը։
Մեկուկես ժամանոց հարցազրույցում վարչապետ դարձած նախկին նախագահը, խոսելով իր հրաժարականից, ասաց՝ ինքն իշխանությունը փոխանցել է այն ժամանակ փոխվարչապետ Կարեն Կարապետյանին, ոչ թե Փաշինյանին։ Որևէ մեկը չէր կարող կանխատեսել, որ շարժումը կստանար այդպիսի ընթացք՝ շարունակում էր Սարգսյանն ու նշում, որ որոշեց անցնցում հեռանալ։
Սերժ Սարգսյանի՝ 2018-ի գարնան իրադարձությունները հակաղարաբաղյան շարժում որակելը Ռուբինյանն աբսուրդային է համարում, նշում է՝ Սարգսյանը ցանկանում էր վարչապետ դառնալ, որ իշխանությունը պահպաներ, ոչ թե Ղարաբաղի խնդիրը կարգավորեր։