Հայաստանի անկախությունից ի վեր երրորդ մարդահամարը նախատեսվում է իրականացնել այս տարվա հոկտեմբերին։ «Պաշտոնական վիճակագրության մասին» ՀՀ օրենքով Հայաստանում մարդահամարներն անցկացվում են առնվազն 10 տարին մեկ: Թե քանի մարդ է ապրում երկրում՝ պետք է պարզվեր դեռ 2020-ին, նախապատրաստական աշխատանքները 2019-ին արդեն մեկնարկել էին, բայց համավարակի պատճառով գործընթացը հետաձգվեց։ Առաջին անգամ մարդահամարն իրականացվելու է համակցված եղանակով։
Կարինե Կույումջյան (ՀՀ Վիճակագրական կոմիտեի մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ) - Պետք է օգտվենք բնակչության պետական ռեգիստրի տեղեկատվական բազայից, որը համակցված կլինի սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգին։
Այդպես հնարավոր կլինի հասկանալ՝ բուն հաշվառման պահին անձը գտնվում է երկրո՞ւմ, թե՞ ոչ։ Միաժամանակ, մարդահամարի 10 օրվա ընթացքում իրականացվելու է բնակչության 25 տոկոսի անմիջական հարցում։
Ժողովրդագրագետն Արտակ Մարկոսյանն ընդգծում է, որ մարդահամարի միջոցով հստակեցվում են ժողովրդագրական հիմնախնդիրները, ֆիքսվում բնակչության սեռատարիքային կազմը:
Արտակ Մարկոսյան (ժողովրդագրագետ) - Մեզ մոտ կոնկրետ 2019-ին, 2018-ի համեմատ, ծնելիության անկումը, որը սկսվել էր 2010 թվականից, դանդաղեց: Ծրագրերը, որ մշակվեցին և գործողության մեջ մտան 2020 թ. հուլիսի 1-ից, ժողովրդագրական բարելավմանը միտված ծրագրերը հույս էին, որ իրավիճակը կամաց-կամաց կբարելավվի:
2019-ի մարտին վարչապետը ներկայացրեց ժողովրդագրական աճի ծրագիր: Ստեղծվեց ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհուրդ, որը հաստատել է նախորդ տարվա հուլիսի 1-ից գործող «Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության 2020-2023 թթ. պետական աջակցության ծրագրերը՝
- միանվագ դրամական աջակցություն մարզային բնակավայրերում բնակարան ձեռք բերելու համար.
- կանխավճարի ապահովագրության համար դրամական աջակցություն երիտասարդ ընտանիքներին.
- երեխայի ծննդով պայմանավորված՝ աջակցություն հիփոթեքային վարկ մարող ընտանիքներին։
Վիճակագրական կոմիտեի տվյալով նկատելի է, որ Հայաստանում 2018-ից հետո միգրացիայի մնացորդը նվազում է:
2016-ին Հայաստանից անվերադարձ մեկնել է 24900 քաղաքացի, 2017-ին՝ 24000, 2018-ին՝ 18200, 2019-ին արտագաղթել է 15400 հայաստանցի:
2020-ի հաշվարկը դեռ նախնական է՝ մեկնող-վերադարձողների տարբերությունը դրական է: Ըստ Վիճակագրական կոմիտեի՝ անցյալ տարի 3300 մարդ վերադարձել է հայրենիք:
Կարինե Կույումջյան - Եթե 2020 թ. տարեսկզբի հետ համեմատենք, այստեղ որոշակի բնակչության թվաքանակի աճ ունենք՝ հաշվի առնելով, որ այս պանդեմիկ իրավիճակում շարժը եղավ դեպի երկիր, և, բնականաբար, դուրս գնալու հնարավորությունները սահմանափակ էին։
Եթե 2001 թ. մեր մշտական բնակչությունը 3 միլիոն 213 հազար էր, 2011 թվականին այդ ցուցանիշը եղել է 3 միլիոն 18 հազար, գրեթե 205 հազարով պակաս:
2021 թ. տարեսկզբի նախնական տվյալով՝ մշտական բնակչությունը 2 միլիոն 964 հազար է:
Վիճակագրական կոմիտեից հայտնում են՝ մարդահամարի նախապատրաստման, անցկացման, տվյալների մշակման և տարածման աշխատանքների ծախսերը՝ 2018-2022 թթ. համար, ըստ նախնական գնահատման, մոտ 1.4 մլրդ դրամ է: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտնեց՝ եթե համավարակի հետ կապված խնդիրները լուծված լինեն, մարդահամարն այս տարի կհասցնեն անցկացնել, հետաձգման կարիք չի լինի: