ՅՈՒՆԻՍԵՖ-ը՝ COVAX միջազգային նախաձեռնության անունից 2021 թ. ընթացքում, Pfizer-BioNTech պատվաստանյութերի մատակարարման վերաբերյալ համաձայնագիր է ստորագրել՝ ՔՈՎԻԴ-19-ի դեմ պայքարող Pfizer-ի հետ:
Պատվաստանյութերի մատակարարման մեկնարկն ակնկալվում է 2021 թ. առաջին եռամսյակում, երբ այն երկրները, որոնց COVAX-ը հատկացրել է Pfizer-BioNTech պատվաստանյութի չափաբաժին, կհաստատեն, որ լիարժեք բավարարում են Pfizer-BioNTech-ի և COVAX-ի սահմանված բոլոր պահանջները:
COVAX կառույցի նպատակն է՝ ՔՈՎԻԴ-19 պատվաստանյութերն անվտանգ կերպով և արդյունավետ հասանելի դարձնել բոլոր երկրների համար, անկախ դրանց տնտեսական վիճակից: Մատակարարման այս համաձայնագիրը ՅՈՒՆԻՍԵՖ-ին թույլ է տալիս ձեռք բերել մինչև 40 միլիոն դեղաչափ, որոնց 2021 թ. հասանելիությունն ապահովված է եղել COVAX-ի՝ Pfizer-BioNTech-ի հետ նախնական գնման պայմանագրով (APA)։
Pfizer-BioNTech ՔՈՎԻԴ-19-ի պատվաստանյութը, որը 2020 թ. դեկտեմբերի 31-ին առաջինն է ընդգրկվել ԱՀԿ-ի՝ արտակարգ իրավիճակներում օգտագործման ցուցակում (WHO Emergency Use Listing), պետք է պատշաճ պահման (սառցային շղթայի) հնարավորություն ունենա: ՅՈՒՆԻՍԵՖ-ն անդադար աշխատում է գործընկերների հետ՝ պետություններին աջակցելու անհրաժեշտ պայմաններ ստեղծել պահպանելու և բաշխելու ՔՈՎԻԴ-19 պատվաստանյութերի տարբեր տեսակներ, որոնք ունեն նույնքան տարբեր պահպանման կանոններ։
Այս համաձայնագիրը երկարաժամկետ մատակարարման երկրորդ պայմանագիրն է, որը ՅՈՒՆԻՍԵՖ-ը ստորագրել է ՔՈՎԻԴ-19 պատվաստանյութեր արտադրողի հետ՝ COVAX նախաձեռնության անունից: Անցյալ շաբաթ ՅՈՒՆԻՍԵՖ-ը համաձայնագիր ստորագրեց Հնդկաստանի Serum Institute-ի հետ՝ ձեռք բերելու AstraZeneca և Novavax տեխնոլոգիաների փոխանցման շնորհիվ արտադրված երկու պատվաստանյութ՝ ԱՀԿ-ի կողմից պատվաստանյութի հաստատման պայմանով:
COVAX կառույցը, որը համաղեկավարվում է Gavi պատվաստանյութերի դաշինքի, CEPI-ի և ԱՀԿ-ի կողմից, ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ, նպատակ ունի մինչև 2021 թ. ավարտն ապահովել ՔՈՎԻԴ-19 հաստատված պատվաստանյութերի առնվազն 2 միլիարդ չափաբաժին, ինչը մասնակից երկրներին հնարավորություն կտա պաշտպանել առաջնագծում աշխատողներին՝ առողջապահության ոլորտի և սոցիալական աշխատողներին, ինչպես նաև բարձր ռիսկային գոտում և խոցելի խմբերում գտնվող մարդկանց: