Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարության Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով նախարար Ուենդի Մորթընը փետրվարի 16-ին առաջին անգամ կայցելի Հայաստան` պատմական մայրաքաղաք Երևան և Վանաձոր: Այս մասին հայտնում են Երևանում բրիտանական դեսպանատնից:
Իր երկօրյա այցի ընթացքում նախարար Մորթընը ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի հետ պաշտոնապես կբացի Բրիտանական դեսպանության նոր գրասենյակը Երևանում՝ ի նշան Միացյալ Թագավորության և Հայաստանի ժողովուրդների միջև ամրապնդվող կապերի։
Նախարարը նաև կողջունի Միացյալ Թագավորության, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի միջև նոր համագործակցությունը, որի միջոցով խթանվում է Վայոց ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի՝ կորոնավիրուսային վարակի և հակամարտության հետևանքով տուժած խոցելի համայնքների տնտեսական և սոցիալական կայունությունը։ Միացյալ Թագավորությունն ակնկալում է, որ այս համագործակցությունը հնարավորություն կընձեռի ուղիներ գտնել այդ համայնքներում երկարաժամկետ կայունություն ապահովելու համար:
Այցին ընդառաջ՝ ՄԹ արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարության Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով նախարար Ուենդի Մորթընն ասել է.
«Միացյալ Թագավորությունը հանձնառու է Հայաստանի հետ տևական բարեկամությանը: Ես անհամբերությամբ սպասում եմ ԱԳ նախարար Այվազյանի և նախագահ Սարգսյանի հետ հանդիպումներին՝ քննարկելու մեր երկրների միջև ավելի սերտ կապեր ստեղծելու և գլոբալ մարտահրավերների, ներառյալ՝ կլիմայի փոփոխության և Քովիդ-19-ի դեմ պայքարի ուղղությամբ միասին աշխատելու բազմաթիվ հնարավորությունները:
Միացյալ Թագավորությունը պատրաստ է աջակցել Քովիդ-19-ի և հակամարտության հետևանքներից Հայաստանի «կանաչ» վերականգնմանը։ Մենք ողջունում ենք ջերմոցային գազերի արտանետումների կրճատման ուղղությամբ Հայաստանի ստանձնած հավակնոտ պարտավորությունները և ակնկալում օգնել Հայաստանին իրացնել իր ներուժը՝ որպես կլիմայի փոփոխության դեմ պայքարի առաջատար՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովին ընդառաջ»:
Միացյալ Թագավորությունն ուրախ է, որ աջակցություն է ցուցաբերել վերջին տարիներին ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումների ոլորտում և կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի տպավորիչ առաջընթացին: Այցի ընթացքում նախարար Մորթընը կքննարկի, թե մեր երկրներն ինչպես կարող են համագործակցել՝ խթանելու հետագա առաջընթացը, այդ թվում՝ օգնելով փոքր բիզնեսի զարգացմանը և աջակցելով Հայաստանի Ազգային ժողովին՝ որպես ավելի ժամանակակից և թափանցիկ կառույց կայացման ճանապարհին:
Նախարար Մորթընը հանդիպում կունենա Արտաքին գործերի նախարար Այվազյանի հետ և կվերահաստատի Միացյալ Թագավորության աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքներին` Լեռնային Ղարաբաղում իրական և տևական խաղաղության հաստատման ուղղությամբ: Հայաստանը հնարավորություն ունի ամուր և տևական խաղաղություն հաստատելու Կովկասյան տարածաշրջանում` նաև խաղաղության հաստատմանն ուղղված նախաձեռնություններում կանանց ներգրավվածության մեծացման միջոցով:
Քաղաքականության մեջ և գործարար աշխարհում կանանց մասնակցության ամրապնդումը կենսական նշանակություն ունի Հայաստանի զարգացման և բարգավաճման համար: Նախարարը կայցելի Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն՝ հանդիպելու բիզնեսի ու նորարարության մեջ ներգրավված կանանց և կին ձեռներեցների հետ, որոնց Միացյալ Թագավորությունն աջակցել է իր «Լավ կառավարման հիմնադրամի» միջոցով: