Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունից հետո՝ նոյեմբերի 10-ին, Կառավարության շենք մուտք գործած Էդգար Գրիգորյանը և Ռոբերտ Քոչարյանի աջակից, նախկին ՀՀԿ-ական Սերգեյ Խառատյանը կմնան կալանավորված, հայտնում է Аrmtimes.com-ը:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, այսօր վերադառնալով խորհրդակցական սենյակից, որոշեց մերժել ամբաստանյալների նկատմամբ գրավ կիրառելու վերաբերյալ պաշտպանների միջնորդությունները:
Հիշեցնենք, որ պաշտպան Արամ Վարդևանյանը Խառատյանին 15 միլիոն դրամ գրավով ազատելու միջնորդություն էր ներկայացրել, իսկ Գրիգորյանի պաշտպան Աշոտ Ապրեսյանը գրավի չափ չէր նշել՝ այն թողնելով դատարանի հայեցողությանը:
Խառատյանն ու Գրիգորյանը մեղադրվում են նոյեմբերի 10-ին ջարդերով, գույք ոչնչացնելով և վնասելով զուգորդված զանգվածային անկարգություններին մասնակցելու համար:
Նրանք անազատության մեջ են: