Բաքվից հայ գերիներին տեղափոխող հերթական օդանավը Երևանում վայրէջք կատարեց փետրվարի 9-ի ուշ երեկոյան: Ադրբեջանն առայսօր վերադարձրել է գերության մեջ գտնվող 69 անձի: Հայաստանը դեռ սպասում է Ադրբեջանում գերեվարված մյուս զինծառայողների ու քաղաքացիական անձանց վերադարձին:
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակ - Գերիների վերադարձի գործընթացն անընդհատ ու շարունակական բնույթ է կրում: Հայ գերիներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ աշխատանքներն ընթանում են ամենօրյա ռեժիմով:
Մինչև այդ, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են նրանց: Պատվիրակները փետրվարի 1-ին և 2-ին տեսակցել են չորս անձի՝ զինծառայողների և քաղաքացիական անձանց:
Զառա Ամատունի (ԿԽՄԿ Հայաստանի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար) - Հնարավորություն է տրվել կապվել ընտանիքի անդամների հետ: Ում տեսակցում ենք, անմիջապես ընտանիքների անդամները տեղեկացվում են:
Կարմիր խաչի ներկայացուցիչները, ըստ Ամատունու, այցելել են նաև բոլոր այն անձանց, որոնց գերի լինելու փաստը Ադրբեջանի իշխանությունը հաստատել է:
Զառա Ամատունի - Ե՛վ այս չորսին, և՛ մյուս անձանց, որոնց տեսակցում ենք, իրենց վիճակը, իրենց հանդեպ վերաբերմունքը մեր ուշադրության կենտրոնում է:
Միջազգային կառույցը գերիների տվյալներ, թիվ և ցուցակ չի հրապարակում: Եթե անձն ունենում է հատուկ կարիք, պատվիրակներն ավելի շուտ են այցելում նրան, եթե անհրաժեշտություն չկա, գերիների հետ Կարմիր խաչի այցերն իրականացվում են ըստ ժամանակացույցի:
Զառա Ամատունի - Ցուցակ ասածը տվյալներն են, որոնք մեզ մոտ ունենք, որը գրանցում ենք՝ հասկանալու՝ ինչ առաջընթաց ունենք: Բայց ցուցակի մասին տեղեկությունը կոնֆիդենցիալ է, հանրությանը չենք կիսում:
Գերեվարման փաստի հաստատման համար, ռազմական գործողություններից հետո էլ, եթե անհրաժեշտ է, Կարմիր խաչի կոմիտեն ընդունում է ընտանիքների, ստանում նրանցից տեղեկություններ, հարցումներ ուղարկում իշխանություններին՝ որոնվող անձի գտնվելու վայրն ու վիճակը պարզելու համար: