Այս պահին Արցախում մոտ 110 հազար մարդ է ապրում. վերջին տվյալներն Արտակ Բեգլարյանն է ներկայացնում: Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարը շեշտում է՝ շատերը վերադարձել են, մի մասը պատրաստվում է վերադառնալ: Պատերազմից հետո Հայաստանում մնացած շատ արցախցիների խնդիրն էլ շարունակում է դեռ չլուծված մնալ. նրանց թիվը, տարբեր հաշվարկներով, 35-40 հազար է:
Արտակ Բեգլարյան, Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար - Լավագույն տարբերակում, եթե բոլորը ցանկանան վերադառնալ, մոտ 9000 բնակարանի կարիք ենք ունենալու, և արդեն որոշ բնակարանաշինական ծրագրեր մեկնարկել են՝ մի մասը պետական մասնակցությամբ, հիմնական մասը՝ «Համահայկական հիմնադրամի» աջակցությամբ:
Որ արցախցին իր հողին ամուր կանգնի, կառավարությունը լուծման ուղիներ է փնտրում: Բեգլարյանը վստահեցնում է՝ ծրագրերն էլ, անելիքներն էլ շատ են: Մի մեծ փաթեթ կազմել, Սփյուռքի հիմնադրամների ներկայացուցիչների հետ եկել են հանդիպման, որ քննարկեն, թե ինչպես հաղթահարել հետպատերազմյան Արցախի խնդիրները:
Մանե Թանդիլյան, Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար - Պարտավոր ենք համագործակցել, որպեսզի բացեր չունենանք: Մենք պետք է փոխադարձ վստահության մթնոլորտում կարողանանք շարունակել աշխատել, այլապես դրա բացակայության պատճառով տուժում են մեր քաղաքացիները, ինչն, առնվազն, հետպատերազմյան իրավիճակում անընդունելի է:
Պատերազմից հետո Արցախի վարելահողերի և ցանքատարածությունների մոտ 75 տոկոսը հայտնվել է թշնամու վերահսկողության տակ: Ամարասի վանահայրը հետաքրքրվում է, օրինակ, Մարտունու շրջանի Սոս և Մաճկալաշեն համայնքների բնակիչները, որոնք նախկինում ցորեն ու խաղող են մշակել, անասնապահությամբ զբաղվել, հիմա ինչո՞վ են ապրուստ վաստակելու:
Հայր Գեղարդ Հովհաննիսյան, Ամարասի վանահայր - Արցախցին շատ տոկուն և աշխատասեր է, հանկարծ չլինի արցախցու մեջ աշխատասիրությունը, ժրաջանությունը մենք կոտրենք և իրեն սովորեցնենք օգնությամբ ապրելու, օգնությամբ իր կյանքը գոյատևելու: Ի՞նչ այլընտրանք ունենք:
Արտակ Բեգլարյան - 10.000 հեկտարից ավելի տարածք ոռոգովի կդառնա: Այս պահին մեր վերահսկողության տակ գտնվող տարածքների մասին եմ խոսում, ու պետությունը խթանելու է տվյալ տարածքներում ինտենսիվ գյուղատնտեսությունը, ներառյալ՝ այգեգործությունը:
Թուֆենկյան հիմնադրամը 100 և ավելի տուն ունեցող գյուղ է առաջիկայում հիմնելու Արցախում: Որոշ անհատ բարերարներ էլ խոստացել են պետության հետ համատեղ Ասկերանի շրջանի Աստղաշեն գյուղում տեղահանվածների համար մոտ 200 տուն կառուցել: Արտակ Բեգլարյանն ասում է՝ բնակարանաշինությունն այսքանով չի սահմանափակվելու:
Արտակ Բեգլարյան - Նախնական քննարկումներ կան, կարծես թե խոստումը կա, որ Ռուսաստանի Դաշնության կողմից շուրջ 1000 արագ հավաքովի տներ են տրամադրվելու: Հույս ունենք, որ առաջիկայում արդեն կտեղափոխվեն Արցախ:
Պատերազմից հետո Արցախը սոցիալական լուրջ խնդիրների առաջ է հայտնվել: Թանդիլյանի խոսքով, եթե կացարանի հարցը լուծվի, իհարկե, ավելի շատ ընտանիքներ կվերադառնան: Ինքն առաջարկում է Արցախում արցախցիների եկամուտները միավորելու հնարավորություն ստեղծել, այդ միջոցներն ուղղել նոր աշխատատեղերի ստեղծմանն ու բիզնես միջավայրի բարելավմանը:
Մանե Թանդիլյան - Սա ժամանակ է, որի ընթացքում շատ կուզենանք, որ արդեն տնտեսական այլ ակտիվություն, ձեռնարկատիրական այլ գործունեություն նախաձեռնվի և իրականացվի Արցախում, որովհետև այս աջակցությունը կարող է պահել, բայց երկարաժամկետ հարցերի լուծում չի տա:
Առաջիկայում Արցախում վերականգնողական կենտրոն կհիմնվի: Արտակ Բեգլարյանն ասում է՝ այնտեղ ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեբանական վերականգնման խնդիրներին կփորձեն լուծում տալ: Հետո միանգամից ավելացնում՝ իհարկե, պատերազմի հետևանքները ծանր են, բայց պետք է ոտքի կանգնել ու ապագան ամուր հիմքերի վրա կառուցել: