Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Միացյալ Նահանգներից ու Նիդեռլանդներից մաքսանենգ ճանապարհով Հայաստան են ներմուծելու տաբեր տեսակի թմրամիջոցներ։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվեց նաև ներկրողի ինքնությունը։
Գործն ավարտին հասցնելու համար վարչության աշխատակիցները համագործակցեցին Ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանման և ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների հետ:
Փետրվարի 2-ին, ապօրինի թմրամիջոցներ մաքսանենգ ճանապարհով Հայաստան ներմուծելու կասկածանքով, «Հայփոստի» Ավանի մասնաճյուղի մոտից բերման ենթարկվեց Երևանի 24-ամյա մի բնակիչ: Երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց երկու ծրար: Մեկի մեջ «ԼՍԴ» տեսակի թմրամիջոցի նմանվող գույնզգույն թղթի կտորներ էին, իսկ երկրորդի միջից հայտնաբերվեց հաշիշի նմանվող շագանակագույն կոշտ զանգված: Ըստ երևանցու բանավոր հայտարարության` դրանք ձեռք էր բերել սոցիալական կայքի միջոցով` ԱՄՆ-ից և Նիդեռլանդներից:
Նշանակվել է փորձաքննություն:
Հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն։