Էջմիածնի և հարակից համայնքների բնակիչները երկար սպասեցին օլիմպիական մարզադպրոցի բացմանը։ 2015 թվականին մեկնարկած շինարարությունը կա՛մ թերություններով էր ընթանում, կա՛մ պարբերաբար ընդհատվում:
Կապալառուն Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող «Արա և Այծեմնիկ» ընկերությունն էր: Պետական բյուջեից տրամադրված միջոցները վերջացել էին, շինաշխատանքները՝ մնացել կիսատ: Շինարարները հրաժարվում էին աշխատել՝ ամիսներով չվարձատրվելու պատճառով: 2018 թվականին շենքը՝ բազմաթիվ թերություններով, հանձնվեց շահագործման: Բայց քանի որ անորակ աշխատանքը մարզումների համար լուրջ խնդիրներ էր առաջացնում, ընդունելություն չեղավ:
Շտկումների համար Էջմիածնի քաղաքապետարանն ավելի քան 5 մլն դրամ հատկացրեց, որից հետո միայն հնարավոր եղավ շահագործել դպրոցը: Թերությունները կարծես թե վերացել էին, բայց դպրոցը՝ դեռ նոր բացված, տանիքն արդեն կաթում է։ Քաղաքապետարանում տեղյակ են․ նորակառույց շենքի տանիքը կրկին կնորոգեն՝ արդեն առանց ձգձգելու։
Մարզադպրոցը կառուցվել է պետական միջոցներով։ Իսկ գույքն ու տեխնիկական սարքավորումները գնել է Էջմիածնի քաղաքապետարանը։ Մասնաշենքերից մեկում ըմբշամարտի մարզադահլիճն է, շախմատի դպրոցն ու ֆիթնես սրահը։ Չեն բացառում, որ ծանրամարտի դահլիճ էլ կունենան։
Արսեն Պետրոսյան (Էջմիածնի փոխքաղաքապետ) - Երկար սպասեցին մեր համաքաղաքացիներն այս մարզադպրոցին, մենք մի փոքր չարաշահեցինք նրանց համբերությունը, բայց փորձում ենք այնպես անել, որ մարզադպրոցը լիարժեք գործի։
Նորաբաց համալիրում արդեն հասցրել են ըմբշամարտի մարզային ու հանրապետական առաջնություններ կազմակերպել։ Միջազգային չափանիշներով դահլիճն ավելի խոշոր առաջնությունների հնարավորություն էլ է տալիս։ Մարզումների համար բոլոր պայմանները կան հատկապես հունահռոմեական ըմբշամարտում Եվրոպայի և աշխարհի նոր չեմպիոններ պատրաստելու համար։
Ժորա Վարդանյան (մարզադպրոցի տնօրեն) - Եթե հանրապետական մրցումներին տարիքային 3-4 կարգում ունեցել ենք չեմպիոններ, էս դահլիճը կնպաստի, որ ավելի շատ ունենանք։
Մարզադպրոցի զարդը, սակայն, փակ լողավազանն է՝ 25 մետր երկարությամբ։ Միջազգային չափանիշ, որը ևս տարբեր առաջնությունների հնարավորություն է։
Կարեն Հարությունյան (մարզիչ) - Անհամբեր սպասել են լողավազանի բացմանը, քաղաքին շատ անհրաժեշտ էր, արդեն մի քանի հարյուր աշակերտ ունենք։
Փոքրերն ավելի շատ են․ լողալ են սովորում: Լողավազանի խորությունը մի քիչ վախեցնում է առաջին անգամ ջուրը մտնողներին։ Մարզչական թիմը հոգում է հաղթահարելու նաև այդ վախը։ Իսկ ջրի 29-30 աստիճանն ապահովում են՝ հետևելով միջազգային նորմերին։
Լողավազանը մաքրում, ախտահանում են մեխանիկական եղանակով։ Համակարգն ինքն է որոշում ջրի աղտոտվածությունը, ըստ դրա՝ նյութերը փակ համակարգով ուղարկում լողավազան։ Իսկ ռոբոտ փուշեկուլը «սուզվում» է յուրաքանչյուր պարապմունքից հետո։
Կարեն Հարությունյան - Ավտոմատ մտնում է ջրի մեջ, հատակը մաքրում։
Օլիմպիական համալիրի հարևանությամբ նաև ֆուտբոլի դաշտ կկառուցվի։ Որոշ աշխատանքներ արդեն արված են։