Նիդեռլանդների հետ գործակցությունն ամուր է, ծրագրերը` շարունակական: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսի հետ:
Անահիտ Ավանեսյանը շնորհավորել է դեսպանին նշանակման առիթով, շնորհակալություն հայտնել կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարում Հայաստանին տրամադրված աջակցության համար:
Վերլուծելով համավարակի վիճակագրությունը Հայաստանում` դեսպանը հետաքրքրվել է կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը վերահսկելի ու կայուն դարձնելու Հայաստանի գաղտնիքով:
«Տեղյակ եմ Հայաստանում 2020 թվականի աշնանը ստեղծված իրավիճակից` թե՛ կորոնավիրուսային հիվանդության համավարակի, թե՛ պատերազմի առումով:
Շնորհավորում եմ համավարակի դեմ պայքարում հաջողության հասնելու համար: Հաշվի առնելով ամբողջ աշխարհում նույնիսկ լոքդաունների պայմաններում վարակի աճող ցուցանիշները` Հայաստանը կարողացավ հասնել իրավիճակի կայունացման»,- ասել է Նիկո Սխերմերսին և բարձր գնահատել Հայաստանի կառավարության և առողջապահության նախարարության որդեգրած քաղաքականությունը, աշխատանքի թափանցիկությունը, հատկապես COVID-19-ի ցուցանիշների առումով: