Պետական պաշտոն զբաղեցնող և, միաժամանակ, բիզնես գործունեություն իրականացնող անձանց նկատմամբ ստուգումները շարունակվում են: Որոշ պաշտոնյանների դեպքում հարցը հասել է իրավապահ մարմիներին, կան քրեական գործեր: Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանն է զեկուցել: Պաշտոն զբաղեցնողներից բացի ստուգում են նաև պաշտոնի հավակնորդներին:
Հանձնաժողովը պետական պաշտոններում նշանակման ենթակա 47 անձի, այդ թվում՝ դատախազի թեկնածուների, դատավորների հավակնորդի թեկնածուների, Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուների, Բարձրագույն դատական խորհրդի անդամների թեկնածուների բարեվարքության ստուգում, որից 26-ը՝ դրական, 16-ը՝ դրական վերապահումով, 4-ը՝ բացասական, 1-ի առնչությամբ եզրակացություն չի ներկայացվել:
2019թ. համեմատ՝ 3 անգամ աճել է հայտարարատու անձանց թիվը, իրականացվել է գրեթե 640 հայտարարագրի վերլուծություն, որից 210-ը՝ ԲԴԽ, ՍԴ դատավորներ անդամների, նրանց ընտանիքի անդամների հայտարարագրերը:
Հանձնաժողովը հարուցել է 4 վարույթ վարքագծի կանոնների, անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների խախտումների վերաբերյալ և համապատասխան եզրակացություն ներկայացրել:
Հակակոռուպցիոն դատարանների ստեղծման գործընթացի արագացումը կբարձրացնի արդարադատության ոլորտի բարեփոխումների արդյունավետությունը. արձանագրվել է խորհրդի նիստի ընթացքում: Արդարադատության նախարարն էլ ներկայացրել է, թե ինչ օրենսդրական փաթեթներ են մշակվել այդ ուղղությամբ և նշել, որ զուգահեռ աշխատում են նաև շենքային, տեխնիկական պայմանների ապահովման, ինչպես նաև կադրերի համալրման հարցերով:
Հակակոռուպցիոն դատարանների օրենսդրական փաթեթով նախատեսվում է, որ Մասնագիտացված և Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանների 5 դատավորներ քննելու են «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա հարուցված քաղաքացիական գործերը։
ԲԴԽ-ն արդեն սկսել է այդ գործերի քննությամբ զբաղվող դատավորների մասնագիտացման գործընթացը: Վարչապետը հետաքրքրվել է, թե զուգահեռ ինչ աշխատանք է տարվում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ուղղությամբ: Գործադիրի ղեկավարին տեղեկացրել են, որ 4 գործ ավարտական փուլում է: Նիկոլ Փաշինյանի գլխավոր հանձնարարականն էր պայքարել քաղաքական կոռուպցիայի դեմ: