Կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությունն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը որոշեց իրավասու պաշտոնատար անձանց հանձնաժողով հրավիրել և նրանց պարզաբանումները լսել Կառավարությունից իրենց կողմից ուղարկված հարցերի պատասխանները ստանալուց հետո: Այս հարցում հանձնաժողովի բոլոր անդամները միակարծիք էին:
Հանձնաժողովի անդամները կարծում են, որ այդկերպ հնարավոր կլինի խուսափել կրկնակի աշխատանքից, կրկնվող հարցերից, պաշտոնյային կտրվեն միայն այն հարցադրումները, որոնց վերաբերյալ պատասխաններում անորոշություն կամ բացեր կան:
Նշենք՝ Կառավարությունը կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությունն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի հարցադրումներին պետք է պատասխանի երկու շաբաթվա ընթացքում:
Իսկ թե պաշտոնատար անձինք ինչ սկզբունքով և ինչ հերթականությամբ պետք է հրավիրվեն հանձնաժողով, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, օրինակ, կարծում է, որ առաջինը պետք է ներկայանա այն իրավասու պաշտոնյան, որը որոշել է, թե երբվանից պետք է արտակարգ դրություն սահմանվի, և սահմանափակումներ մտցվեն: «Պետք է հասկանանք՝ որոշումը ճիշտ ժամանակի՞ն է կայացվել, թե՞ ոչ, ավելի շո՞ւտ էր պետք կամ ավելի ո՞ւշ»,- նշեց Մելքումյանը:
Քննիչ հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանի խոսքով՝ հանձնաժողով որևէ պաշտոնատար անձի հրավիրելը չի կարող ինքնանպատակ լինել : «Եթե հարցադրման պատասխանը բավարարում է, հարցը դուրս է գալիս, պաշտոնյային տրվում են լրացուցիչ հարցեր: Ամրագրենք՝ հրավիրում ենք մեր հարցադրումների պատասխանները ստանալուց հետո»,- ասաց նա:
Խաչատրյանը նաև հայտնեց, որ փորձագետները նույնպես կարող են մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին, սակայն նրանք կհրավիրվեն միայն քննիչ հանձնաժողովին խնդրի շուրջ տեղեկություն տրամադրելու դեպքում: