COVID-19-ի դեմ պայքարի արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող՝ ԱԺ քննիչ հանձնաժողովը 251 հարց է ուղարկել Կառավարությանը: Հարցաշարը կազմել են «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ հայաստան» խմբակցությունների պատգամավորները: Դեռ COVID-ը չհաղթահարած՝ գործադիրի աշխատանքը քննարկելուն «Իմ քայլը» դեմ է: Ասում են՝ նույնն է, որ մարաթոնյան վազորդին գնահատեն ճանապարհի կեսին: Ու թեև համամիտ չեն ընդդիմության հետ, որոշել են չխանգարել:
251 հարց՝ այն մասին, թե ինչ աշխատանքներ են կատարվել կորոնավիրուսի ու դրա հետևանքների դեմ պայքարելու համար: COVID-19-ի դեմ պայքարի արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող՝ ԱԺ-ի քննիչ հանձնաժողովը հարցաշար է ուղարկել Կառավարությանը, Գլխավոր դատախազությանը, հաշվեքննիչ պալատին, պետական վերահսկողական ծառայությանը, մարդու իրավունքների պաշտպանին, Կենտրոնական բանկին:
Արկադի Խաչատրյան (ՀՀ ԱԺ COVID-19-ի դեմ պայքարի արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ) - Իհարկե մենք այս պատասխանները ստանալուց հետո հնարավորություն կունենանք հրավիրել պաշտոնատար անձանց և անմիջապես իրենց հարց ուղղել խնդրի վերաբերյալ:
Քննիչ հանձնաժողովն ուսումնասիրել է լրատվամիջոցների արած հրապարակումները, հանրային հարցադրումները, խորհրդակցել է նեղ մասնագետների հետ և դրանց հիման վրա կազմել հարցաշարը:
Հիվանդանոցներում բնակչությանը մատուցված ծառայություններից մինչև COVID-ով պայմանավորված սոցիալական աջակցության ծրագրեր, վարկային արձակուրդներ, նույնիսկ՝ հարուցված քրեական գործեր: Եթե, օրինակ՝ քաղաքացին ունեցել է COVID-ին բնորոշ բոլոր ախտանշանները, բայց թեստի պատասխանը բացասական է եղել:
Արկադի Խաչատրյան - Ըստ էության նա զրկվում է պետպատվերի շրջանակներում բուժում ստանալուց, ուղարկվում է տուն և դառնում է վարակի աղբյուր: Դա կարող է լինել սխալ նմուշ վերցնելու արդյունքում, լաբորատոր սխալ, ես չգիտեմ, պնդումներ չեմ կարող անել:
Հարցնում է՝ արդյոք ճի՞շտ է եղել միայն թեստի դրական արդյունքի վրա հիմնվելը: Հարցաշարը կազմել են «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների պատգամավորները: «Իմ քայլի» ներկայացուցիչները կարծում են, որ Կառավարությանը 251 հարց ուղղելը աշխատանքների ծանրաբեռնում է: Չեն կարծում, որ COVID-ի դեմ պայքարի արդյունավետության մասին հարցերին սպառիչ պատասխաններ կարող են տրվել, քանի դեռ համավարակը չի ավարտվել:
Գևորգ Պապոյան (ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր) - Նույնն է, որ մարաթոնյան վազորդին գնահատական տանք, երբ որ ինքը դեռ 20 կմ է վազել, իսկ առջևում մի էդքան էլ կամ դրանից ավել կա: Տակտիկայի խնդիր է, բայց կարևորն էն ա, թե վերջում ով ա հաղթելու, միջնամասում գնահատական չտանք: Մենք նաև նշել ենք հստակ, որ ԱԺ-ն իրավաչափություն գնահատող մարմին չէ: Էս երկու խնդրի հետ կապված ունենք կոնկրետ դիրքորոշում, բայց միևնույն ժամանակ ունենք երրորդ դիրքորոշումը՝ որևէ կերպ չխանգարել ընդդիմադիր մեր գործընկերներին, ընդհակառակը՝ օգնել:
Միքայել Մելքումյան (ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր) - Կապված ժամկետի հետ. մենք գիտենք, որ մարտի 1-ին կլրանա մեկ տարին, որ առաջին վարակակիրը հայտնաբերվել ա: Ինչ վերաբերում ա, որ պանդեմիան վերջանա, նոր, սա ստանդարտ բան չի: Էդ մարաթոն վազողը տարբեր տիպի մարզումների ժամանակ փորձ ունի, սրա փորձը չկա, որ մենք իմանանք՝ սա վերջանո՞ւմ ա, թե չի վերջանում:
«Իմ քայլի» պատգամավորները մի շարք հարցեր ընթերցեցին, որոնց մի մասը, ըստ նրանց պնդումներ են, որոշների պատասխաններն էլ ոչինչ չեն տալու:
Հերիքնազ Տիգրանյան (ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր) - Կան, օրինակ՝ հարցեր՝ կամավորների հետ կապված: Չգիտեմ՝ որտեղ ա գրված, որ կամավորները պիտի ներգրավվեին:
Հանձնաժողովի նախագահն ամփոփեց. հանրության հուզող հարցերին, այնուամենայնիվ, պետք է պատասխաններ տրվեն, և դրանց հիման վրա զեկույց կկազմվի: