ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 16-ին ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին:
Շնորհավորելով դեսպան Սվենսոնին նշանակման կապակցությամբ՝ ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ դեսպանն իր կարևոր ներդրումը կբերի հայ-շվեդական փոխգործակցության ընդարձակման գործում:
Նշելով, որ Հայաստանի համար առանցքային նշանակություն ունեն ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, կոռուպցիայի դեմ պայքարը, Արարատ Միրզոյանը կարևորել է այդ ոլորտների բարեփոխումներում Շվեդիայի շարունակական աջակցությունը, ինչպես նաև օժանդակությունը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Ժամանակակից խորհրդարան՝ ժամանակակից Հայաստանի համար» ծրագրի իրականացման գործում:
Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով առաջացած մարդասիրական խնդիրների լուծման շրջանակում խորհրդարանի խոսնակը բարձրացրել է հայ ռազմագերիների և գերեվարված անձանց արագ վերադարձի հարցը: Այս տեսանկյունից նա ընդգծել է միջազգային հանրության գործուն քայլերը:
Պատրիկ Սվենսոնն իր հերթին շեշտել է, որ Շվեդիան կարևորում է Հայաստանի հետ տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնումը, իրականացվող բարեփոխումներին իր երկրի աջակցությունը: Նա առանձնացրել է Հայաստանի հետ համագործակցության ուղղությունները՝ ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, շուկայական տնտեսություն, շրջակա միջավայր:
Խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին՝ դեսպանը կարևորել է այս հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության աշխատանքը:
«Շվեդիան նախագահում է ԵԱՀԿ-ում և կուզենար հասկանալ, թե ինչպես կարող է նպաստել նման հակամարտությունների լուծմանը»,- ասել է դեսպանը: Նա ևս միջազգային մարդասիրական իրավունքի տեսանկյունից անհրաժեշտ է համարել գերեվարված անձանց վերադարձի հարցը:
Անդրադարձ է կատարվել սույն թվականի մարտի 1-ից ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ամբողջական գործարկմանը, ինչը, ըստ դեսպանի, ՀՀ-ԵՄ հարաբերություններին նոր որակ կհաղորդի:
Հանդիպման ընթացքում հանգամանալից քննարկվել են զարգացման հեռանկարները, կարևորվել է միջխորհրդարանական շփումների ակտիվացումը նաև բարեկամական խմբերի մակարդակում, գործարար կապերի ընդլայնումը:
Դեսպանի խնդրանքով Արարատ Միրզոյանը ներկայացրել է մեր երկրում իրականացվող բարեփոխումների օրակարգը: