Կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությունն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը Կառավարություն է ուղարկել 251 հարցից բաղկացած հարցաշար: Այդ մասին հանձնաժողովի նիստում հայտնեց քննիչ հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանը:
Նա տեղեկացրեց, որ առողջապահության ոլորտին վերաբերող հարցերը 164-ն են, տնտեսական հետևանքներին և ֆինանսական միջոցների օգտագործմանը վերաբերող հարցերը՝ 44-ը, սոցիալական ոլորտի հարցերը՝ 49-ը, ԿԳՄՍՆ-ին՝ 6-ը: Ա.Խաչատրյանի խոսքով՝ հարցեր են ուղղվել նաև ՊՆ-ին, ոստիկանությանը, արդարադատության նախարարությանը: «73 հարց առնչվել է վիճակագրական տվյալներ և տեղեկություն ներկայացնելուն, որի հիման վրա հանձնաժողովը կփորձի դատողություններ կառուցել պայքարի արդյունավետության վերաբերյալ»,- ասաց նա:
Ըստ պատգամավորի՝ քննիչ հանձնաժողովը հարցումներ է ուղարկել նաև ՊՎԾ-ին, Հաշվեքննիչ պալատին, ԿԲ-ին, ՄԻՊ-ին, Գլխավոր դատախազությանը:
«Հույս ունենք, որ Կառավարությունից կստանանք սպառիչ և ամբողջական տեղեկատվություն, որոնց հիման վրա հանձնաժողովը վերլուծություններ կանի և կկառուցի իր դատողությունները»,- ընդգծեց Խաչատրյանը: Նա նշեց, որ հանձնաժողովի անդամները հետագայում էլ ազատ են հարցադրումներ ներկայացնել, որոնք կրկին կուղղվեն Կառավարությանը:
Հանձնաժողովի անդամ Հերիքնազ Տիգրանյանը հայտնեց, որ հարցաշարը, որն ուղարկվել է Կառավարությանը, կազմվել է հանձնաժողովի «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների անդամների կողմից, հանձնաժողովի իմքայլական անդամները որևէ հարցադրում չեն ներկայացրել: Նա կարծում է, որ հարցադրումների ծավալը մեծ է, և գերատեսչության համար դրանց պատասխանելը ժամանակի կորուստ կարող է լինել: «Պետք էին կոնկրետ հարցեր, որոնց միջոցով հնարավոր կլիներ իրապես տեղեկատվություն ստանալ, մինչդեռ հարցերը հիմնականում գնահատողական են, կան պնդումներ»,- ասաց պատգամավորը:
Հանձնաժողովի նախագահը նշեց, որ չցանկանալով որևէ կերպ խաթարել Կառավարության բնականոն գործունեությունը, ծանրաբեռնել գործադիրին՝ ամբողջական պատկեր ունենալու համար անհրաժեշտ է ունենալ բոլոր հարցերի գրավոր պատասխանները, իսկ ինչ վերաբերում է հարցաշարի բովանդակությանը, ապա, ըստ Խաչատրյանի՝ այն, իհարկե, կատարյալ չէ և հնարավոր է դրանք փոփոխել, իսկ դրա համար կարևոր է հանձնաժողովի աշխատանքներին բոլոր անդամների ակտիվ մասնակցությունը: Գնահատողական հարցերի առումով Խաչատրյանն ասաց, որ դրանք վերցվել են տարբեր ԶԼՄ-ներից, և, այո՛, պարզաբանումների անհրաժեշտություն ունեն:
Հ.Տիգրանյանը հիշեցրեց նաև, որ «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարել էր, որ իր համար քննիչ հանձնաժողովի ստեղծումը այս փուլում նպատակահարմար չէ, քանի դեռ աշխարհում հաղթահարված չէ կորոնավիրուսի համավարակը: Խմբակցության դիրքորոշումը չի փոխվել, ուստի որևէ առաջարկություն կամ հարցադրում «Իմ քայլը» չի ներկայացրել: