Լրատվականներից մեկը քիչ առաջ «Կառավարությունը 890 մլն դրամ է ծախսել COVID-19-ի դեմ պատվաստանյութի ձեռքբերման միջոցառումների համար, սակայն պատվաստանյութ ձեռք չի բերվել» վերտառությամբ տեղեկություն է տարածել՝ հայտնում են Տեղեկատվության ստուգման կենտրոնից:
Հղում անելով առողջապահության նախարարությունից ստացված հարցման պատասխանին, կայքը նշում է, որ Կառավարությունը 890 մլն դրամ Է ծախսել ՀՀ-ում COVID-19-ի կանխարգելմանն ուղղված պատվաստանյութի ձեռքբերման միջոցառումների համար, սակայն պատվաստանյութը ո՛չ ձեռք է բերվել և ո՛չ էլ գրանցվել է ՀՀ-ում։
Տեղեկատվության ստուգման կենտրոնը կապ հաստատեց առողջապահության նախարարության հետ, որտեղից պարզաբանեցին, որ գերատեսչությունն այս պահին գտնվում է ակտիվ բանակցությունների փուլում` պատվաստանյութ արտադրող հնարավոր բոլոր կազմակերպությունների և միջազգային գործընկերների հետ։ Հիշյալ 890 մլն դրամը՝ որպես կանխավճար, ՀՀ-ին հասանելի դեղաչափերի ապահովման նպատակով ԱՆ-ն փոխանցել է COVAX FACILITY միջազգային նախաձեռնությանը, որն էլ իր հերթին բանակցում է արտադրող ընկերությունների հետ։
Նշենք նաև, որ Կառավարության որոշմամբ COVID-19 պատվաստանյութ ձեռք բերելու համար տրամադրվել է 2.2 մլրդ դրամ։
Ի՞նչ է COVAX-ը
COVAX-ը գլոբալ համագործակցություն է, որի նպատակն է կազմակերպել COVID-19 թեստերի, բուժումների և պատվաստանյութերի զարգացումը, արտադրությունը և երաշխավորել արդար հասանելիություն աշխարհի յուրաքանչյուր երկրի համար: