Բիզնեսի կյանքը հեշտացնելու, հնարամիտ մրցակիցներից պաշտպանելու 289 դեպք է անցած տարի գրանցել Պետեկամուտների կոմիտեն: ԱյԹի լուծումներով մշակված ծրագրի օգնությամբ կարողանում են տարբերակել մտավոր սեփականության գրանցամատյանում ընդգրկված բրենդներն ու արգելակել դրանց խախտումներով ներկրումը:
Ավտոմեքենայի տվյալ բուրավետիչն իրավունք ունի ներկրել միայն իր ընկերությունը՝ պնդում է տնտեսվարողը: Մյուսներն օրենք են խախտում, ինչի դեմն առնելու համար մի օր որոշել և ապրանքանիշը գրանցել են Մտավոր սեփականության օբյեկտների մատյանում: Դրանից հետո որևէ այլ բիզնես «Օրիոնի» գոնե խոշոր խմբաքանակ Հայաստան չի բերել՝ արձանագրում է գործարարը:
Արթուր Խաչատրյան, «Խաչատրյան մոբիլ սերվիս» ընկերության հիմնադիր տնօրեն - Քանի որ կայքում կա ինֆորմացիա, որ ապրանքանիշը գրանցված է, մարդիկ զուսպ են կամ զերծ են մնում ներկրելուց, իսկ առաջ հանգիստ բերում էին:
Ուրիշի գրանցած բրենդային ապրանքի կամ դրանց չինական-թուրքական կեղծված նմուշների մուտքը հայկական շուկա ՊԵԿ-ի գերհզոր այս սերվերներն են կանխում: Պարզվում է՝ հենց դրանք են ներկրող-արտահանողների լրացրած հայտարարագրում առցանց եղանակով, ավտոմատ ստուգում՝ արդյո՞ք նշված բեռում պատենդավորված ապրանք կա: Լինելու դեպքում՝ մաքսավորները ծանուցում են բրենդը տնօրինողին, նա արդեն՝ կարող է դիմել դատարան ու արգելել պահեստից բաց թողնել իր գրանցած ապրանքանիշով ուրիշի ներկրած խմբաքանակը: 2017-ին, մինչև ԱյԹի համակարգի ներդրումը, նման ընդամենը 7 դեպք է գրանցվել: Անցած տարի այդ ցուցանիշն աճել է 289-ով:
Ռուզաննա Կուսիկյան, ՊԵԿ Մաքսային ռիսկերի վերլուծության և կառավարման բաժնի պետ - 289 դեպքում բիզնեսը՝ իրավատերը, կայացրել է որոշում, որ ներկրումը պետք է մերժել, իսկ ծանուցվել է շատ ավելին:
Ծանուցումները մի քանի հազարի են հասել: Բիզնեսն արգելք չի պահանջում, երբ ապրանքի խմբաքանակը փոքր է՝ դատարան ծախսը մեծ: Նաև, երբ ներկորղը կարգավորման դաշտից դուրս մնացած ֆիզիկական անձ է: Այդուհանդերձ՝ հայկական ծրագիրը նաև ԵԱՏՄ մաքսավորներն են բարձր գնահատել: Չի բացառվում, որ մեր համակարգն ընդլայնվի եվրասիական ամբողջ տարածքում՝ ասում է Պետեկամուտների կոմիտեի պաշտոնյան:
Ռաֆայել Գրիգորյան, ՊԵԿ ՏՏ վարչության պետի տեղակալ - Գործիքակազմը թույլ է տալիս 99 տոկոսով ճշգրտությամբ թիրախավորել ապրանքային հայտարագրեր, որտեղ առկա են մտավոր սեփականության պաշտպանության օբյեկտեներ:
Ի դեպ, ՊԵԿ-ը տեղեկատվական հենց այս համակարգով է կորոնավիրուսի սահմանափակումների փուլում կանխել բժշկական որոշ սարքերի ու նյութերի արտահանումը: Վերջերս էլ սկսել են ծրագիրն օգտագործել՝ թույլ չտալու բիզնեսը քաղաքացիների անունով ձևակերպված ծանրոցով դեղ բերի արտաասահմանից:
Եվս մեկ քայլ ու սմարթ-ռիսկ-մենեջմենթը շուտով փոստային առաքանիներում հոգեմետ նյութեր-թմրանութ ստացողների ֆիլտր կկիրառի: