Այսօր ժամը 18:21-ին Երևանից 17 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 2.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Իսկ համացանցում շրջանառվող լուրերը, թե Հայաստանում, մասնավորապես, Երևանում սպասվում է ուժեղ երկրաշարժ, «Լուրերի» հետ զրույցում հերքել է Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության ղեկավարը: Ոլորտի պատասխանատուները հավաստիացնում են, որ ինչպես Շորժայի, այնպես էլ Նուբարաշենի օջախներում սեյսմիկ ակտիվությունը նվազում է:
Հրաչյա Սարգսյան, Երևանի փոխքաղաքապետ - Արտաքին շերտն է վնասվել, կվերականգնենք գետնանցման սալիկապատումը:
Ահազանգն ստացել է Գարեգին Նժդեհ - Արշակունյաց պողոտա հատման խաչմերուկից: Երևանի փոխքաղաղաքապետի հեռախոսում սա միակ լուսանկարը չէ, որում երևում է Նուբարաշենի երկրաշարժի հետևանքը:
Հրաչյա Սարգսյան - Որտեղ ահազանգ ստացվել է, հասցեներից, դիտարկվել են, էական խնդիրներ, որ կառույցի կոնստրուկցիային է վերաբերում, չի հայտնաբերվել: Իհարկե, ճաքեր կան:
Նուբարաշենի այս հասցեից ահազանգ դեռ չեն ստացել: Բնակիչների պնդմամբ՝ երկրաշարժից իրենց շենքը շատ է տուժել:
Սեյսմիկ ակտիվությունը թե՛ Շորժայի, թե՛ Նուբարաշենի օջախներում մարում է՝ վստահեցնում են ԱԻՆ-ում: Փետրվարի 13-ին տեղի ունեցած երկրաշարժին հաջորդել է 110 հետցնցում, որը չի զգացվել, գրանցել է միայն սեյսմոմետրը:
Սեյսմիկ ծառայության խմբերը շրջում են Երևանում ու մարզերում՝ օպերատիվ գնահատելու երկրաշարժի հնարավոր ազդեցությունը շենքերի վրա: Դրան կհաջորդի սեյսմիկ անվտանգության գնահատման գործընթացը:
Հրաչյա Սարգսյան - Կառավարությունը միջոցառումներ է ձեռնարկում անցյալ տարվանից, որ ունենանք շենքերի անձնագրավորում,թե ինչ վիճակում են, որ կառավարումը հեշտ կլինի:
Կցակառույցներն օրինականացնելու համար պարտադիր պահանջվում է սեյսմիկ անվտանգության եզրակացությունը:
Հրաչյա Սարգսյան - Երբ նոր նախագիծ է ներկայացվում, փորձաքննություն է անցնում, դրա շրջանակում հաշվի են առնվում սեյսմիկ խնդիրները: Խնդիր առաջանում է այն ժամանակ, երբ ապօրինի շինարարություն է լինում:
Երկրաշարժից հետո մոնիտորինգ է արվել Երևանի երկու տասնյակից ավելի կրթական հաստատությունում:
Արսեն Մկրտչյան, ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ - Լուրջ փլուզում չկա, տեղ-տեղ պատերին ճաքեր կան:
ՄԱԿ-ի, Եվրամիության հետ գործակցությամբ հիմնանորոգվում է 15 մանկապարտեզ: 3-ը կքանդվի, կկառուցվի նորը: Ինչ վերաբերում է արդեն երկրորդ օրը համացանցում շրջանառվող սպասվող ուժեղ երկրաշարժի մասին լուրերին.
Հրաչյա Պետորսյան - Երկրաշարժերի կանխատեսումը դեռ լուծում չունի, չկա նման բանաձև, որ դնես տվյալներն ու ստանաս կանխատեսում:
Մասնագետի խոսքով՝ բացառված չէ՝ հանրապետությունում, հարակից տարածքներում լինեն միջին ուժի, թույլ ցնցումներ, բայց ուժեղ երկրաշարժի հավանականությունը փոքր է: