Վերևում տարվա կեսը սպիտակ է, ներքևում՝ արև տարին կլոր:
Արսենի օբյեկտիվում արևի երկիրն է. ժպիտներ, արևից տաքացած ժայռեր, ամեն ինչ՝ Մեղրին բացահայտողների համար: Սկզբում ֆոտոխցիկով գումար էր աշխատում, հետո սկսեց քաղաքի պատառիկները ֆիքսել ու դարձնել պատմություն:
Արսեն Մկրտչյան (լուսանկարիչ) - Նաև օգնում է ինձ Մեղրին ներկայացնեմ Մեղրիից դուրս գտնվող մարդկանց համար:
Լուսանկարները տեղադրում է համացանցում, մարդկանց հարավ կանչում, կազմակերպում զբոսանք, պատմում տաք ժայռերի ձորի մասին, որտեղ ձյունն անհետանում է օդում: Առանձին շարք ունի՝ նվիրված շրջանի տաղանդավոր երեխաներին:
Արսեն Մկրտչյան - Բոլոր շնորհալիները լուսանկարվում են և հանրայնացվում են Մեղրիից դուրս:
Նորոգված սենյակներում կրթություն է ստանում 440 երեխա: Արվեստի կենտրոնում ամեն օր հնչում է 14 գործիքի ձայն: Միջոցառումների դերակատարները դպրոցի սաներն են: Խոշորացված համայնքի տարբեր բնակավայրերում նվագում, երգում են:
Հասմիկ Մարկոսյան (Մեղրի համայնքի «Արևիք» արվեստի դպրոցի տնօրեն) - Ես չէի ասի, որ ինչ-որ բան էստեղ փոխվել Է, եթե փոխվել Է, դեպի լավը, մենք սկսել ենք էլ ավելի մեծ ուժով, ավելի մեծ ներդրումով աշխատել, էս ամեն ինչից հետո կարծում եմ՝ բոլորս էլ ավելի շատ աշխատենք:
Պատերազմից հետո անորոշություն բոլորի մոտ կար՝ համայնքի ղեկավարն է անկեղծանում: Ինչ-որ պահի շատ աշխատանքներ կանգ առան, բայց սահմանին ապրելու պատասխանատվությունը ստիպեց առաջ նայել: Արտագաղթի փոխարեն տեղացիները նոր այգիներ են ստեղծել, նոր արտադրություն սկսել: Մխիթար Զաքարյանը վստահեցնում է, որ գործազուրկ մեղրեցի դժվար թե լինի:
Մխիթար Զաքարյան (Մեղրի համայնքի ղեկավար) - Ես ավելին ասեմ. մենք աշխատող ուժի պահանջարկ ունենք, ավելցուկ կա և պղնձամոլիբդենային կոմբինատում, մեր հայկական, ռուսական զորամասերում:
Համայնքում ոռոգման համակարգն ամբողջությամբ փոխվել է: Պատրաստ է զբոսայգին՝ նոր լուսավորությամբ: Հիմա կարևոր խնդիրը ջրամբարն է: Խմելու, ոռոգման ջուրը ստանում են Մեղրի գետից և լեռնային վտակներից:
Մխիթար Զաքարյան - Դրանք ձյունաանձրևային սնուցում ունեցող գետեր են, հոսքի 80 տոկոսը մարտ ապրիլին գալիս-նում է, հուլիս, օգոստոս, սեպտեմբերին ջրի խիստ կարիք ենք ունենում:
Մեղրիի և հարակից գյուղերի մի քանի մանկապարտեզ նորոգվում է սուբվենցիոն ծրագրով; Մինչև աշխատանքները կավարտվեն, երեխաները տանը չեն մնում: Ուսումնառությունից հետո Աննան վերադարձել է Մեղրի՝ բացել մանկական զարգացման կենտրոն: 9-6-ը ծրագրային ուսուցումից բացի աշխատում են հոգեբանն ու լոգոպեդը:
Աննա Ղուկասյան (մանկական զարգացման կենտրոնի հիմնադիր) - Առաջիկա 1-2 տարում կկիրառենք նոր մեթոդներ, որպեսզի ամբողջությամբ կարողանանք բացահայտել երեխաների ունակությունները:
Նոր մոտեցումներ են մշակել նաև դպրոցում, անցել են ներառական կրթության: Որոշ երեխաների էլ դասերից հետո ուսուցիչներն են այցելում՝ տեղում դասավանդելու:
Մերի Հակոբյան (Մեղրու թիվ 2 միջնակարգ դպրոցի տնօրեն) - Այժմ ունենք երկու հատուկ մանկավարժ, ուսուցչի օգնականներ, ունենք 11 աշակերտ, որոնք ստանում են ներառական կրթություն, երկու տարի առաջ ունեինք աշակերտներ, որոնք ծանր կարիքի էին, հիմա դարձել են միջին:
Ռուսերենից և գերմաներենից բացի ավելացել է երրորդ օտար լեզուն՝ անգլերենը: Համագործակցում են տեղական և միջազգային կազմակերպությունների հետ: Ծրագրից դուրս անգլերենի դասընթացն անվճար է բոլորի համար:
Համայնքը զարգացնելու գործին միացել են ակտիվ կանայք: Կենտրոնում ծնվում են գաղափարներ, իրականանում տարբեր բնակավայրերում:
Սաթիկ Հարությունյան (Մեղրու «Կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ նախագահ) - Մեր գործունեության ընթացքում հասկացանք, որ կանայք ամեն տեղ են, ուրեմն մենք պետք է բոլոր ոլորտներին անդրադառնանք:
Դասընթացներ՝ բիզնես գաղափարներից մինչև գյուղատնտեսություն, շրջակա միջավայր, զբոսավարություն; Համայնքը կանանց անհատույց տարածք է տրամադրել՝ 10 տարով: 14 մեծ ծրագիր են ավարտել՝ համայնքը զարգացրել, զուգահեռ՝ ֆինանսական եկամուտ ունեցել;
Սաթիկ Հարությունյան - Քաղաքացին հասկանա, որ ինքը անելիք ունի այս պետության մեջ. պետություն ասելով՝ նա պետք է հասկանա իր համայնքը, որտեղից սկսվում է պետությունը:
Մեղրի այցելողներին, ավանդույթի համաձայն, հրավիրում են թեյարան՝ հյուրասիրում խոտաբույսերով թեյ, կամ սուրճ՝ ավազի վրա:
Նվարդ Խաչատրյան (թեյարանի համահիմնադիր) - Գալիս են էստեղ, համտեսում են մեր չրերը, մուրաբաները, հետո որոշում են, որ պետք է էդ մարդկանցից գնեն:
Նման վայր ունենալու գաղափարն առաջացել է զբոսաշրջիկների հոսքին զուգահեռ: Մեկտեղել են բոլոր մեղրեցիներին՝ գինի, չիր, ձիթապտուղ և իհարկե՝ մեղր:
Գարնանը՝ հասած ծիրան, ամռանը՝ բոլոր արևահամ մրգերը, աշնանը՝ բերքահավաք ու չրեղեն, ձմռանն էլ՝ ժայռերի տաք ձորում՝ ծառից կախված նուռ և արքայանարինջ: Հարավային դարպասը այցելուներին զարմացնում է տարվա բոլոր եղանակներին: