Արցախի՝ վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում գործունեություն իրականացրած առևտրային կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերն ազատվում են չվճարված հարկերի և վճարների այլ պարտավորություններից:
Արմինե Մուսայելյան (Արցախի ՊԵԿ նախագահի տեղակալ) - Բացի դրանից՝ նրանք նաև 2020 թվականի աշխատած ժամանակահատվածի համար ազատվել են հարկային մարմիններ հաշվարկ-հաշվետվություններ ներկայացնելու պահանջից: Այսինքն՝ չեն ներկայացնելու 2020 թվականի համար շահութահարկի տարեկան հաշվարկ:
Մինչև փետրվարի 20-ը երկարաձգվել են նաև Արցախում գույքահարկի և հողի հարկի հաշվարկների ներկայացման և վճարման ժամկետները: Ընդհանուր առմամբ, պատերազմական գործողությունների հետևանքով տուժած հարկատուների խնդիրների լուծման տարբերակները ներկայացված են Արցախի խորհրդարանի փետրվարի 11-ի նիստին ընդունված օրենսդրական փաթեթում:
Դավիթ Պողոսյան (Արցախի ՊԵԿ նախագահ) - Հաջորդ փոփոխությամբ կազմակերպվում է կազմակերպությունների և ֆիզիկական անձանց պատկանող՝ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում գտնվող անշարժ գույքի և հողամասերի մասով կուտակված գույքահարկի և հողի հարկի պարտավորությունները զրոյացնել: Փոխադրամիջոցների մասով առաջարկվում է կուտակված պարտավորությունների վճարումից ազատել այդ համայնքներում հաշվառված կազմակերպություններին և ֆիզիկական անձանց:
Օրենքով պատերազմական է համարվել սեպտեմբերի 27-ից հունվարի 31-ն ընկած ժամանակահատվածը: Արցախի օկուպացված համայնքներում գործունեություն ծավալած տնտեսվարողները, որոնք այդ ընթացքում նախապես վճարել էին շահութահարկը կամ նվազագույն եկամտային հարկը, այժմ փոխհատուցում են ստանալու. վճարած ամբողջ գումարի չափով:
Արմինե Մուսայելյան - Արդեն իսկ օրենքի ընդունումից հետո մենք այս քայլերն իրականացնում ենք, որպեսզի կատարենք վերահաշվարկներ և համապատասխանաբար վերադարձնենք նման սուբյեկտներին:
Օրենսդրական մեկ այլ նախաձեռնությամբ էլ Արցախի տնտեսվարողների հարկային որոշ տույժեր կզրոյացվեն, իսկ չվճարված հարկերի համար կկազմվի հստակ ժամանակացույց՝ հաշվի առնելով նաև տնտեսվարողի կարծիքն ու գործունեության ոլորտը: