Գյումրու Վարդանանց հրապարակում այսօր տեղի է ունեցել հանրահավաք՝ ի պաշտպանություն վարչապետ Նիկոլ Փաշինյանի։ Հավաքված քաղաքացիները հայտարարել են, որ իրենք տեր են կանգնելու հեղափոխության արժեքներին։
Նրանք նշել են, որ թույլ չեն տա նախկին ուժերի վերարտադրություն, քանի որ հենց նախկինների երկարամյա թալանի պատճառով է թուլացել երկիրն ու բանակը և հենց նախկիններն էին, որ երկիրը պայթող ականի նման հանձնել են Նիկոլ Փաշինյանին։ Գյումրիի հրապարակում հավաքվածները պահանջել են պատասխանատվության ենթարկել Ապրիլյան և Արցախյան երկրորդ պատերազմի հիմնական մեղավորներին:
Ելույթներից հետո տեղի է ունեցել երթ, իսկ մինչև երթը՝ քաշքշուկ և ծեծկռտուք։ Ըստ ականատեսների՝ հարթակից ինչ-որ մեկը վիրավորել է ելույթ ունեցողներին, որի պատճառով նրան հետապնդել և ծեծել են: Ոստիկաններին հաջողվել է ծեծվող քաղաքացուն օղակի մեջ առնել և առանձնացնել ամբոխից։ «Լուրերի» թղթակցի փոխանցմամբ՝ ոստիկանությունը նաև ծեծին մասնակից քաղաքացիներին է բերման ենթարկել: