Այս շաբաթ՝ փետրվարի 15-19-ը, Եվրոպական միությունն անցկացնում է ծրագրավորման համատեղ առաքելություն՝ Հայաստանի Հանրապետություն տեսակապի ձևաչափով։ Առաքելության նպատակն է հաջորդ՝ 2021-2027 թվականների ծրագրային փուլում և կարճաժամկետ հեռանկարում Հայաստանին հատկացվելիք ԵՄ աջակցության հիմնական գերակա ուղղությունների քննարկումն ու սահմանումը:
Առանձնակի ուշադրության առարկա է ԵՄ աջակցության համապատասխանեցումը Հայաստանի սոցիալ-տնտեսական վերականգնման նպատակին և բարեփոխումների օրակարգին: Առաջիկա օրերին նախատեսվում են խորքային քննարկումներ ՀՀ նախարարությունների, քաղաքացիական հասարակության, մասնավոր հատվածի ներկայացուցիչների, միջազգային կազմակերպությունների և, որպես «Եվրոպայի Թիմ» մոտեցման մաս, Հայաստանում գործող ԵՄ անդամ պետությունների հետ։
Առաքելության մեկնարկը տրվել է այսօր՝ ԵՄ ներկայացուցիչների և ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Ավետ Ադոնցի միջև հանդիպմամբ։ Կողմերը քննարկել են Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթներին համահունչ համատեղ աշխատանքը և Հայաստանին հատկացվելիք ԵՄ ապագա աջակցությունը: