Եվրախորհրդարանի պատգամավոր և Թուրքիայի հարցերով նախկին զեկուցող Կատի Պիրիի և նրա անդամակցած Նիդերլանդների Աշխատավորական կուսակցության (PvdA) պաշտոնակայքերը ենթարկվել են թուրք հաքերների հարձակմանը։ Արդյունքում նշված կայքերը մի քանի ժամ անհասանելի են եղել՝ փոխանցում է ermenihaber-ը։
Աշխատավորական կուսակցությունը հայտնել է, որ հարձակման աղբյուրը արտասահմանյան է եղել։ Իսկ Պիրին հայտարարել է, որ հարձակումն իրականացրել են թուրք հաքերները։ ԵԽ պատգամավորը իրեն և իր կուսակցությանը պատկանող կայքերի դեմ իրականացված հարձակումը որակել է որպես «աննախադեպ և մտահոգիչ»։
Փիրիի համոզմամբ՝ հարձակումը պայմանավորված է այն հանգամանքով, որ նախորդ շաբաթ ինքը հանդես է եկել Բողազիչի համալսարանի ուսանողներին, ինչպես նաև՝ երկար ժամանակ ազատազրկված Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDPժ-ԺԴԿ) նախկին համանախագահ Սելահաթթին Դիմիրթաշին և բիզնեսմեն Օսման Քավալային աջակցելու կոչով։ Նա թվիթերյան գրառմամբ պահանջել էր ազատ արձակել վերջիններիս և պնդել, որ շարունակելու է պայքարել Թուրքիայում ժողովրդավարության հաստատման համար։
Նշենք, որ Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն կիսվել էր Կատի Պիրիի գրառմամբ ու գրել․ «Դու ծերանալու ես քո կեղտոտ պահանջների հետ միասին։ Բայց այդ վատ ցանկություններդ Թուրքիայում երբեք չեն իրականանալու»։
Ներկայացնում ենք նաև «Լուրերի» հարցազրույցը Եվրախորհրդարանի պատգամավոր և Թուրքիայի հարցերով նախկին զեկուցող Կատի Պիրիի հետ։