Ծարավ Աղբյուրի փողոցի երթուղայինների ընտանիքը համալրվեց: Թաղամասի բնակիչներին ծանոթ 38 համարի միկրոավտուբոսը վերագործարկվեց ամբողջովին նոր շարժակազմով:
Երևթևեկելու համար 100 դրամանոցը պարտադիր է՝ սարքն այլ մետաղադրամ չի ընդունում:
Արթուր Ավետիսյան (թիվ 38 ավտոբուսի վարորդ) - Դե, սկզբից ասում են՝ չունենք մանր, 200-դրամանոց են տալիս, 1000 են տալիս, մոտներս պահում ենք, մանրում ենք, տալիս: Կսովորեն կամաց- կամաց:
Վարորդը չի ծխում, չկա նաև հայտնի հասույթը՝ «պլանը», վարորդներն աշխատավարձով են ղեկին նստում:
Արթուր Ավետիսյան - Ավելի ճիշտ է, իհարկե, որ գումարի հետ գործ չունես, մաքուր նստում եմ, մաքուր իջնում եմ:
Նոր ավտոբուսը Ծարավ Աղբյուրի փողոցից կհասնի մինչև Արցախի պողոտա: 11 մեքենա առավոտյան 7-ն անց կեսից 10-ը րոպե պարբերականությամբ կսպասարկեն քաղաքացիներին և գծում կլինեն մինչև երեկոյան 11-ը: Ծարավ Աղբյուրի բնակիչների խոսքով՝ առաջին երթուղայինն է, որը մինչև այդ ժամն է աշխատելու:
38 համարի երթուղին վերջին շաբաթում արդեն երկրորդ թարմացված մեքենաներով գիծն է, քաղաքապետարանից վստահեցնում են՝ շուտով նոր խմբաքանակի բարի երթ կմաղթեն:
Էդգար Գալստյան (Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ) - Մի քանի բաղադրիչով է նայվում և դրանց տվյալների ամփոփումից հետո, ըստ առաջնահերթության, երթուղիները համալրվում են նոր ավտոբուսներով: Հիմնականում շեշտը դնում ենք նախկինում գործող, ներկայումս փակված երթուղիների վրա:
Արդեն որոշված է երրորդ երթուղին՝ կվերականգնվի 99 համարը, որը մեկ գծով իրար կկապի քաղաքի 5 հիվանդանոց:
Գողություններն ու անկարգությունները կանխելու համար մեքենաներում տեսախցիկներ կան, բոլոր ավտոբուսները թեքահարթակ ունեն:
Նոր շարժակազմով քաղաքի տրանսպորտային ցանցը համալրելուն զուգահեռ քաղաքապետարանում աշխատում են միասնական վճարային համակարգ ստեղծելու ուղղությամբ:
Էդգար Գալստյան - Էլեկտրոնային համակարգի հենց գաղափարն այն է, որ այլ տրանսպորտային համակարգում էլ՝ դրան վաղը-մյուս օրը միանա և՛ էլեկտրոտրանսպորտը, և՛ մետրոն: Վերգետնյա տրանսպորտային միջոցները լինեն ամբողջովին մեկ տոմսային համակարգով:
100 միկրոավտոբուսի հասնելուն պես մայրաքաղաքում նոր շարժակազմով գործող 3 երթուղուն կգումարվի ևս 7-ը: Իսկ արդեն աշնանը Երևան կհասնի 8.5 մետրանոց 161 ավտոբուս՝ տեղեկացնում է տրանսպորտի վարչության պետը:
Էդգար Գալստյան - Նոր ավտոբուսներով և 100 փոքր դասի ավտոբուսներով չենք սահմանափակվելու, նախատեսում ենք այս տարվա ընթացքում ևս ձեռք բերել: Իհարկե, հաշվարկները հիմա ընթացքում են, կունենանք էլի որոշ քանակի ավտոբուսներ՝ մոտավորապես 50-60՝ կտեսնենք՝ ինչքան:
Մեկ դիտողություն ուղևորներից՝ ավտոբուսի վրայի տեղեկատվական վահանակները անգլերեն են իրազեկում սկզբնակետի ու վերջնակետի մասին: Քաղաքացիները ցանկանում են հայերեն գրություն տեսնել:
Էդգար Գալստյանը պարզաբանում է՝ խնդիրը տեխնիկական է, համակարգը դեռ հայաֆիկացված չէ, խոստանում են այդ հարցին արագ լուծում տալ: