«Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը փետրվարի 15-ից մեկնարկում է «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագիրը, հանրապետության բոլոր մարզեր են ուղարկվում դաբաղի դեմ պատվաստանյութերը: Համաճարակաբանները կստանան ինչպես պատվաստանյութերը, այնպես էլ բաշխման պլանները և ՊՈԱԿ-ի հետ համագործակցող անասնաբույժների միջոցով կբաշխեն դրանք, այնուհետև կսկսվեն պետպատվերով պատվաստումները՝ ինչպես խոշոր, այնպես էլ մանր եղջերավորների համար: Ամբողջ տարվա ընթացքում պլանավորվում է խոշոր եղջերավոր կենդանիների դաբաղ հիվանդության դեմ 1 մլն 762 հազար 630 պատվաստում, և մանր եղջերավորների 218 հազար 452 պատվաստում: Հնարավոր է, որ պատվաստումների քանակն ավելանա, քանի որ Արցախից Հայաստան են տեղափոխվել խոշոր և մանր եղջերավոր կենդանիներ:
«Ըստ 2021-ի հունվարի 1-ի դրությամբ գյուղկենդանիների հաշվառման տվյալների՝ մենք ունենք շուրջ 599 հազար 901 գլուխ խոշոր եղջերավոր անասուն ՀՀ-ում, դրանցից մոտ 261 հազարը՝ կթվող կովեր, մոտ 666 հազար էլ՝ մանր եղջերավորներ»,- ասում է «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի անասնաբուժության և բուսասանիտարիայի բաժնի պետ Լևոն Եղոյանը:
Կարևոր է, որ դաբաղի դեմ պատվաստումն իրականացվի ճիշտ ժամանակին: Դաբաղի դեմ պատվաստումները կարևոր են և ՛ տնտեսական, և ՛ առողջապահական տեսանկյունից: Դաբաղը տնտեսական տեսանկյունից ամենավտանգավոր հիվանդություններից մեկն է: Եթե աշխարհում որևէ երկիր ճանաչվում է դաբաղի տեսանկյունից ոչ ապահով, անցնում է կարանտինային երկրների ցանկ, մսամթերքի, այլ կենդանիների առուվաճառքի շարժերը սկսում են կանգնել: Բացի դրանից՝ կարող է տեղի ունենալ կենդանիների անկում, ինչն էլ հանգեցնում է տնտեսական խնդիրների, գլխաքանակի նվազեցման, կաթնատվատվության, մթերատվության անկման: Ուստի հորդորում ենք համայնքներին և անասնապահներին համագործակել ՊՈԱԿ-ի անասնաբույժների հետ և չխոչընդոտել պատվաստումներին:
Դաբաղի դեմ պատվաստումներն իրականացվում են երկու փուլով՝ աշնանային և գարնանային՝ 6 ամիսը մեկ: Իսկ ընթացիկ տարում ծնված հորթերը պատվաստվում են 4 ամսականից՝ 3 ամիսը մեկ՝ մինչև 18 ամսականը, որից հետո պատվաստումներն իրականացվում են 6 ամիսը մեկ հաճախականությամբ:
2021-ին ևս պետպատվերի շրջանակում պլանային պատվաստումներից բացի Հայաստանի Հանրապետությունում իրականացվելու են նաև գյուղատնտեսական բոլոր կենդանիների՝ մասնավորապես խոշոր եղջերավորների, մանր եղջերավորների և ձիերի ախտորոշիչ և կանխարգելիչ միջոցառումներ: Նախատեսվում են խոշոր և մանր եղջերավորների՝ բրուցելոզի, խոշոր եղջերավորների լեյկոզի և տուբերկուլինիզացիա ախտորոշիչ միջոցառումները, ինչպես նաև ձիերի խլնախ հիվանդության դեմ ախտորոշիչ միջոցառումը: Ինչ վերաբերվում է պլանային պատվաստումներին՝ իրականացվելու են նաև խոշոր եղջերավորների հակասիբիրախտային, խշխշան պալար և հանգուցավոր մաշկաբորբ հիվանդությունների դեմ պատվաստումներ:
«Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող բոլոր միջոցառումների համար վճարում է հենց ՊՈԱԿ-ը, անասնաբույժների մատուցած բոլոր միջոցառումներն անվճար են գյուղացիների համար: