Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում տեղի է ունեցել աթլետիկայի Բալկանյան երկրների մինչև 20 տարեկանների առաջնությունը, որին մասնակցել է շուրջ 200 մարզիկ 16 երկրից:
Հայաստանը ներկայացրել են Գոռ Բեգլարյանը և Նարեկ Սրապոնյանը, ովքեր դարձել են մեդալակիրներ: Հեռացատկորդ Գոռ Բեգլարյանը 11 մարզիկների պայքարում գրանցել է լավագույն արդյունքը՝ 7.29 մ, և նվաճել ոսկե մեդալ: Հեռացատկում երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Խորվաթիայի ներկայացուցիչ Ռոկո Ֆարկաշը՝ 7.11 մ, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Խորվաթիայի մեկ այլ ներկայացուցիչ՝ Լուկաշ Կիկը, որը գրանցել է 7.09 մ արդյունք:
Եռացատկորդ Նարեկ Սրապոնյանը 9 մարզիկի պայքարում դարձել է արծաթե մեդալակիր՝ գրանցելով 15.26 մ արդյունք: Եռացատկի մրցման չեմպիոն է դարձել ուկրաինացի Օլեքսանդր Այկոն (15.43 մ), իսկ երրորդ մրցանակակիրը բուլղարացի Դիմիտար Տաշևն է (15.20 մ):
Հավելենք, որ Հայաստանը Բալկանյան երկրների առաջնության տղամարդկանց թիմային հաշվարկում նվաճած 2 մեդալով զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը, իսկ ընդհանուր թիմային հաշվարկում՝ 7-րդը: