Ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է, որ Հայաստանի չափահաս քաղաքացին, Facebook-ում հանդես գալով «Ազիզ Մուրադով» անունով, կապ է հաստատել պատերազմում անհետ կորած զինծառայողների մերձավոր կին ազգականների հետ, որոնց թվում եղել է նաև 16 տարին չլրացած մեկ երեխա և, ներկայանալով որպես ադրբեջանցի, սուտ տեղեկություններ է հայտնել նրանց հարազատների գտնվելու վայրի ու պահման պայմանների մասին։ Ապա անհետ կորածների մասին որոշակի տեղեկություններ հայտնելու դիմաց պահանջել է ֆեյսբուքի իր էջին ուղարկել մերկ լուսանկարներ և տեսագրություններ՝ հակառակ դեպքում սպառնալով սպանել կամ բռնություն գործադրել նրանց գերեվարված հարազատների նկատմամբ:
Հարուցվել է քերական գործ, բերման է ենթարկվել այդ քաղաքացին, նա տվել է խոստովանական ցուցմունք և կալանավորվել՝ դատարանի որոշմամբ։
Նախաքննությամբ պարզվել է, որ կալանավորվածի գործողություններից տուժել է շուրջ մեկ տասնյակ քաղաքացի, նրանք ցուցմունք են տվել դեպքի հանգամանքների վերաբերյալ։ Խուզարկությունների արդյունքում էլ կասկածյալի բնակարանում հայտնաբերվել ու առգրավվել են նրա շահագործած բջջային հեռախոսներն ու գործի համար նշանակություն ունեցող այլ առարկաներ:
Կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչպես նաեւ վիճակի խոցելիությունն օգտագործելու միջոցով մարդկանց շագահործման դեպքերը համարվում են առանձնապես ծանր հանցագործություն ու դրա համար որպես պատիժ նախատեսված է տասից տասներկու տարի ազատազրկում:
ԱԱԾ-ն ևս մեկ անգամ հորդորում է վստահել բացառապես պաշտոնական աղբյուրներին, զերծ մնալ կասկածելի ծագում ունեցող բոլոր տեսակի առաջարկներից, իսկ այդպիսի առաջարկների դեպքում անհապաղ իրազեկել իրավապահներին՝ խուսափելով խարդախության զոհի վիճակում հայտնվելուց: