ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել քննարկում Հայաստանի ադամանդագործության և ոսկեգործության ոլորտի ներկայացուցիչների հետ։
Հանդիպման հիմնական նպատակն էր քննարկել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի որոշման նախագիծը, որի համաձայն նախատեսվում է մի շարք գունավոր թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի (հումքի և պատրաստի քարերի մասով) մաքսատուրքի դրույքաչափի զրոյականացում 2 տարի ժամկետով, ինչպես նաև մինչև 0,3 կարատ և 0,3 կարատից բարձր զանգվածով ադամանդե քարերի ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրի տարանջատում։
Հանդիպման ժամանակ քննարկվել է նաև մինչև 0,3 կարատ զանգվածով ադամանդե քարերի մասով մեկ տարի ժամկետով 0% մաքսատուրքի դրույքաչափի կիրառման նպատակահարմարության հարցը, որը հավանության է արժանացել ոսկեգործության ոլորտի ներկայացուցիչների կողմից, սակայն մի շարք ադամանդագործական ընկերություններ նշյալ առաջարկին դեմ են արտահայտվել։
Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ անհրաժեշտ է գտնել այն լուծումը, որն առավելագույնս երկու ոլորտների համար էլ ձեռնտու կլինի։
Վահան Քերոբյանը հավաստիացրել է, որ հանդիպման ընթացքում ներկայացված բոլոր առաջարկները և տեսակետները հաշվի կառնվեն և ուսումնասիրությունների արդյունքում կվերլուծվի առկա իրավիճակը՝ վերջնական դիրքորոշում ձևավորելու նպատակով։
Ամփոփելով քննարկումը՝ նախարարը նշել է, որ անհրաժեշտ է երկար արժեքային շղթաներ ստեղծել՝ հանքավայրից հանքանյութը հանելուց, մշակելուց մինչև պատրաստի ոսկերչական արտադրանքը, և ներկայանալ աշխարհին հայկական բրենդով, նաև հավելել, որ միայն միավորելով պետության և ոլորտի ընկերությունների ջանքերը հնարավոր կլինի գտնել ոլորտը զարգացնելու համար անհրաժեշտ որոշումներ։