ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության ղեկավարը «Լուրերի» հետ զրույցում հերքել է համացանցում շրջանառվող լուրերը, թե Հայաստանում, մասնավորապես Երևանում, սպասվում է ուժեղ երկրաշարժ:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը երեկ ևս անդրադարձել էր համացանցում շրջանառվող նման տեղեկությանը: Գերատեսչությունը հորդորում է հետևել միայն պաշտոնական հաղորդագրությանը:
Մասնագետները հավաստիացնում են՝ երկրաշարժ կանխատեսող բանաձև դեռևս չկա:
ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության ղեկավարի խորհրդական Հրաչյա Պետրոսյանի խոսքով՝ երկրաշարժերի կանխատեսումը ընդհանուր լուծում դեռ չունի:
«Չկա նման բանաձև, որը ստանաս կանխատեսում: Շորժայի երկրաշարժից առաջ էլ, հետո էլ ԱԻՆ-ի կայքում մեր ծառայությունը հաղորդագրություն տվեց, որ սպասվում են միջին ուժի և թույլ ցնցումներ, բայց ուժեղ երկրաշարժի հավանականությունը փոքր է: Դրանից մեկ շաբաթ անց Նուբարաշենում եղավ միջին ուժի ցնցում և ունեցանք 110 թույլ ցնցում: Ես դա չեմ համարում կանխատեսում՝ դասական ձևով, սակայն բայց որոշակի արդյունք, որոշակի քայլ՝ այդ բարդ ճանապարհին»,- ասել է Պետրոսյանը:
Նա վստահեցրել է, որ այս պահին երկրաշարժի օջախում լարվածությունը մարում է: