Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն այսօր ընդունել է Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկո Սխերմերսին՝ հայտնում են Շիրակի մարզպետարանից:
Մարզպետը ողջունել է դեսպանին և հաջողություններ մաղթել պատասխանատու առաքելության մեջ։
Հովհաննես Հարությունյանը դեսպանին ներկայացնելով Շիրակի մարզը՝ նշել է, որ մարզը զբոսաշրջության և գյուղատնտեսության բնագավառներում, ինչպես նաև տեխնոլոգիական մտքի մեծ ներուժ ունի։
«Ողջունում ենք ձեզ Շիրակում, ուրախ ենք ձեզ տեսնելու մեր հյուրընկալ մարզում, հայ-նիդերլանդական բարեկամական հարաբերությունների մասին մենք գիտենք դեռ 88-ի ծանր տարիներից, երբ զգացել ենք ձեր աջակցությունը։
Հիմա վստահորեն նշում ենք, որ պատրաստ ենք համագործակցության, և մեր դռները բաց են բոլոր կառուցողական առաջարկների ու ծրագրերի առջև, մենք ևս պատրաստակամ ենք առաջարկներով ու նախաձեռնություններով հանդես գալու։ Հատկապես վստահ ենք, որ կառուցողական առաջարկներ ու գործակցություն կլինի գյուղատնտեսական ծրագրերի, զբոսաշրջության բնագավառներում»։
Դեսպանն էլ շնորհավորել է Հովհաննես Հարությունյանին պատասխանատու ու պարտավորեցնող պաշտոնը զբաղեցնելու համար և շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության համար։
Դեսպանը պատրաստակամություն է հայտնել աշխատանքներ տանելու համագործակցության հաստատման և խորացման ուղղությամբ։