Արցախյան հակամարտության քաղաքական կարգավորումը դեռ առջևում է։ Սա չափազանց կարևոր դիտարկում է հատկապես այն համատեքստում, որ պաշտոնական Բաքուն անընդհատ պնդում է, թե հակամարտությունը կարելի է ավարտված համարել, իսկ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն այլևս քննարկման առարկա չէ։ Համենայնդեպս, Արցախյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող երեք ուժային կենտրոններից առնվազն երկուսից եկող ազդակները ցույց են տալիս, որ իրավիճակն այնպիսին չէ, ինչպես դա ներկայացնում են Ադրբեջանի իշխանությունները։
Նախ, հանգամանքը, որ շաբաթվա սկզբին ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթի և պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հանդիպումը, արդեն խոսում է այն մասին, որ գոնե Փարիզում մտադիր չեն հետ քաշվել Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործում Ֆրանսիայի դերակատարումից։ Եվ այստեղ ոչ այնքան կարևոր է պաշտպանության նախարարության տարածած մամուլի հաղորդագրությունը կամ ֆրանսիական կողմի արած գործակցության առաջարկների էությունը (այն, ի դեպ, հայտնի չէ), որքան հանդիպման բուն փաստը։ Ֆրանսիան, փաստացի, ցույց է տալիս, որ նույնիսկ նոր իրողությունների պայմաններում ոչ միայն չի պատրաստվում շրջանցել հակամարտության կարգավորման խնդիրն, այլև պատրաստվում է շատ ավելի գործուն ներգրավվածություն ունենալ։
Ասենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքն առաջիկայում պետք է ակտիվանա, պարզ դարձավ նաև Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի՝ ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցից։ Ռուդենկոն, մասնավորապես, շեշտել է, որ հենց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են մշակել ու ներկայացրել հակամարտության կարգավորման սկզբունքները և թեկուզ հենց այդ պատճառով Ղարաբաղյան հակամարտության քաղաքական վերջնական կարգավորման գործը համանախագահներն ավարտին պիտի հասցնեն միասին։
Անդրեյ Ռուդենկո, ՌԴ փոխարտգործնախարար - Առաջվա պես պահանջված է մնում համապարփակ քաղաքական կարգավորման հասնելու խնդիրը, որը ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովի որոշումներին համապատասխան դրված է Մինսկի խմբի համանախագահների վրա։ «Եռյակն» ունի հզոր միջազգային աջակցություն և կարող է օգտակար լինել հետագա քայլերի, այդ թվում՝ կարգավիճակային հարցերի վերաբերյալ փոխընդունելի մոտեցումների մշակման գործում։ Բայց զգույշ, առանց շտապելու, երբ ժամանակը գա:
Թե ե՞րբ կգա այդ ժամանակը, դեռ հայտնի չէ, սակայն հստակ է, որ բանակցայի ֆորմատի փոփոխություն չի նախատեսվում։ Համենայնդեպս, հանգամանքը, որ Ռուսաստանի փոխարտգործանախարարը խոսում է ոչ թե պարզապես միջնորդական առաքելության, այլ հղում է անում 1994 թվականի Բուդապեշտի գագաթնաժողովից ստացված մանդատին, արդեն իսկ վկայում է այն մասին, որ Արցախյան խնդրի կարգավորման հիմնական միջնորդները եղել և մնալու են երեքը՝ Ռուսաստանը, Ֆրանսիան և Միացյալ նահանգները, իսկ կարգավորման հիմնարար սկզբունքները մնալու են անփոփոխ։
Անդրեյ Ռուդենկո - Այդ սկզբունքների մեծ մասն արտացոլում են գտել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ: Խոսքն Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հարակից շրջանների վերադարձի, փախստականների վերադարձի, Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը միմյանց կապող միջանցք թողնելու, անվտանգության ապահովման, խաղաղապահ առաքելության, տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային բոլոր կապերի ապաշրջափակման մասին է։
Ինչ վերաբերում է Վաշինգտոնին, ապա նախ՝ այս ուղղությամբ սպասողական վիճակ է, քանի որ Բայդենի վարչախումբը դեռ «խաղի մեջ» չի մտել։ Հիմա Միացյալ Նահանգներն իր արտաքին քաղաքական առաջնահերթությունների ճշգրտման փուլում է և ենթադրվում է, որ տարբեր ուղղություններով Վաշինգտոնը կակտիվանա մարտ-ապրիլ ամիսներին։ Ինչ վերաբերում է կոնկրետ Արցախյան հակամարտությանը, ապա այս դեպքում Վաշինգտոնն սպասելու ևս մեկ պատճառ ունի։ Խնդիրն այն է, որ դեկտեմբերի վերջին ԱՄՆ Կոնգրեսը ամերիկյան հատուկ ծառայություններին պարտավորեցրեց երեք ամսվա ընթացքում զույգ պալատների հետախուզության հարցերով հանձնաժողովներին ներկայացնել գրավոր պարզաբանում Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների միջև առկա լարվածության, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ։
Սա նշանակում է, որ արդեն փետրվարի վերջին լրանում է վերջնաժամկետը և, կախված նրանից, թե հատուկ ծառայություններն ի՞նչ կդնեն կոնգրեսականների և ոչ միայն նրանց սեղանին, պարզ կդառնա, թե գործողությունների ի՞նչ համախումբ է օգտագործելու Վաշինգտոնը թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, թե՛ դրանից դուրս։