Պետությունը կմեծացնի գյուղական բնակավայրերի՝ տեղական քարով սալարկման համար համաֆինանսավորման չափը: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
«Նախորդ տարի մի շարք գյուղական բնակավայրերի ճանապարհներ բարեկարգվեցին տեղական քարով սալարկմամբ, ինչը նախադեպային էր սուբվենցիոն ծրագրերի համար:
Հաշվի առնելով, որ ճանապարհների վերանորոգման այս մեթոդը՝ թե դիմացկունությամբ, թե կոլորիտային միջավայր հաղորդելու առումով հաջողված էր՝ այս տարի փոփոխություն է տեղի ունեցել ներհամայնքային ճանապարների վերանորոգման՝ սուբվենցիոն հայտերի ներկայացման չափորոշիչներում:
Ըստ այդմ ներհամայնքային ճանապարհների՝ տեղական հումքով(քարով) սալիկապատումը համայնքների կողմից խրախուսելու նպատակով պետությունը կմեծացնի իր բաժին ֆինանսավորման չափը 2021թ. սուբվենցիոն ծրագրերում»,- գրել է նախարարը:
Բազում համայնքում (Լոռի) 758 գծամետր ճանապարհի սալարկում (Լոռի)
Արջուտ համայնքի (Լոռի) կենտրոնական ճանապարհի մասնակի նորոգում (աշխատանքներն ընթացքի մեջ են)
Նոր Կյանք և Փոքր Մանթաշ համայնքների (Շիրակ) ճանապարհների սալարկում
Ախթալայի (Լոռի) ներհամայնքային ճանապարհի սալարկում
Մեծավան բնակավայրի (Լոռի) Կոմիտաս փողոցի նորոգում
Հովտամեջ համայնքի (Արմավիր) կենտրոնական փողոցի մայթերի բարեկարգում