Ուղիղ և փոխաբերական իմաստով՝ շաբաթվա գլխավոր ցնցումը, թերևս, երեկվա երկրաշարժն էր: Էպիկենտրոնը Նուբարաշենից 2 կմ հյուսիս էր՝ ուժգնությունը՝ 6-7 բալ: 88-ի երկրաշարժը տեսած երկրում նման ցնցումները հոգեբանորեն ծանր են: Ավերածություններ, բարեբախտաբար, չեղան, սակայն խիտ բնակեցված մայրաքաղաքում ու վթարային շենքերով մարզերում ավելի ուժգին երկրաշարժերի հետևանքները կարող են աղետալի լինել:
Տարիներ շարունակ ապօրինի կամ փողով թույլտվություն գնելով՝ շենքերի հիմնական պատերը քանդվել են, սենյակներ մեծացնելու համար կամ կցակառույցներ արվել՝ հաշվի չառնելով սեյսմակայունությունն ու փլուզման վտանգը:
Կառավարությունը մշակել է շինարարական նոր նորմեր, Սպիտակի երկրաշարժից հետո արդեն 4-րդը: Դա նշանակում է, որ նոր կառուցվող շենքերի սեյսմակայունությանն ավելի մեծ ուշադրություն է դարձվելու, սակայն հնարավոր է ամրացնել արդեն վթարային դարձածները:
Շորժայի ու Նուբարաշենի երկրաշարժերի առաջացրած հանրային ցնցումներն ու Հայաստանի սեյսմաանվտանգությունը՝ Մայա Խաչատրյանի ռեպորտաժում: