Փետրվարի 14-ին ԱրՊՀ շուրջ 130 ուսանող այցելել է Գանձասարի վանական համալիր։ Նախաձեռնությունը կյանքի կոչվեց ՈւՀՏԱ և Կ բաժնի, ինչպես նաև ՈւԽ համատեղ ջանքերով։ Օրը նշանավորվեց նաև Հայ առաքելական եկեղեցու կողմից նշվող Տյառնընդառաջի տոնով։
Ուսանողները մասնակցեցին եկեղեցում մատուցված պատարագին, կատարեցին մոմավառություն հանուն հայրենիքի ընկած քաջորդիների հոգիների փրկության, Արցախ աշխարհի վերածնման և հարատև խաղաղության հաստատման։
«Ի հեճուկս մեր արժեքները սեփականաշնորհել ցանկացողների՝ Գանձասարի մայր տաճարում հավիտյան պետք է բարձրանա մեր միաձայն աղոթքը, իսկ Արցախն ու Հայաստանը պետք է հասնեն համազգային նպատակներին»,- նշել է ՈւԽ փոխնախագահ Կարեն Մարտիրոսյանը՝ հավելելով, որ Գանձասարից վերադարձել են հոգեպես լիացած և հավատով, որ Արցախը ոտքի է կանգնելու, և ուսանողներն էլ դառնալու են այդ սրբազան գործի մասնակիցը։
Օրվա ընթացքում ուսանողները հնարավորություն ունեցան նաև կիսվելու տպավորություններով, նպատակներով ու հետագա անելիքներով։
Մասնակիցները շնորհակալություն են հայտնել կազմակերպիչներին՝ հույս հայտնելով, որ նման այցերը շարունակական բնույթ կկրեն։