Հաշմանդամության առաջին, երկրորդ և երրորդ խմբերին փոխարինելու կգան անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանները՝ թեթև, միջին, ծանր և խոր: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նոր օրինագծի հիմքում ֆունկցիաների միջազգային դասակարգումն է:
Աննա Հակոբյան (ԱՍՀՆ հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի բաժնի պետ) - Ֆունկցիաների միջազգային դասակարգումը թույլ է տալիս հաշմանդամություն ունեցող անձի խնդիրը գնահատել ավելի լայն, այն միջավայրի համատեքստում, որտեղ ինքն ապրում է, աշխատում է: Այսինքն՝ ինչ առողջական խնդիր ունի, ինչ է կարողանում կատարել, ինչ կկարողանա կատարել որոշակի պայմաններ ապահովելու դեպքում, ինչն է խոչընդոտում այդ ամենն իրացնելու համար:
Նախագիծն ընդունվեց փետրվարի 4-ի Կառավարության նիստին, դեռ պետք է ներկայացվի Ազգային ժողովի հաստատմանը: Մշակված փաթեթի համաձայն՝ բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովների փոխարեն ստեղծվում է մասնագետների ռեեստր՝ ընդլայնված կազմով: Յուրաքանչյուր անձի ֆունկցիոնալության գնահատման համար ֆիզիոթերապևտների, հոգեբանների, հարբժշկական այլ մասնագետների նոր թիմ կձևավորվի՝ նախկին մշտական անդամներով հանձնաժողովի փոխարեն:
Աննա Հակոբյան - Խնդիրն այն է, որ պիտի գնահատվի անձի ֆունկցիոնալությունը: Միանման մոտեցում է երեխաների դեպքում, մեծահասակների դեպքում: Առողջական խնդիր, անձի գործունեություն և միջավայր՝ այս բոլորի համատեքստում որքանով է սահմանափակված մարդու ֆունկցիոնալությունը:
Հաշմանդամության կարգ ունեցող անձանց համար գործող օրենսդրությամբ սահմանված արտոնությունները պահպանվում են նոր նախագծում: Բնակելի ու հասարակական նշանակության շենք-շինությունների, տրանսպորտային համակարգերի համար էլ պարտադիր պայման է լինելու ունիվերսալ դիզայնը:
Աննա Հակոբյան - Այսինքն՝ կառուցվող շենքը կամ նախագծվող ծրագիրը պետք է ի սկզբանե մատչելի և կիրառելի լինի հաշմանդամություն ունեցող անձանց համար՝ անկախ հաշմանդամությունն ինչ տեսակի է՝ տեսողության, լսողության, հենաշարժողական
Ունիվերսալ դիզայնի պահանջներից են՝ վերելակում բրալյան այբուբենը, դռների համապատասխան լայնությունը, սալիկների գոգավորությունը, թեքահարթակներ... Չափորոշիչներին չհամապատասխանելը ենթադրելու է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 250-ապատիկի չափով:
Աննա Հակոբյան - Տուգանքը սահմանվում է և՛ նախագծողի հանդեպ, և՛ կառուցապատողի, և՛ համայնքի ղեկավարի:
Իսկ արդեն կառուցված շենքերի համար, որտեղ հաշվի չեն առել հաշմանդամություն ունեցող անձանց կարիքները, նախատեսվում են խելամիտ հարմարեցումների նորմեր:
Աննա Հակոբյան - Դրա համար շատ տեխնոլոգիաներ կան, եթե թեքահարթակ հնարավոր չէ կառուցել, կան համապատասխան սարքավորումներ, որոնք սայլակը կարող են բարձրացնել աստիճաններով: Միշտ չէ, որ ֆինանսական միջոցներ պետք է պահանջվեն:
Կարևոր դրույթներից մեկը հաշմանդամության հիմքով խտրականության դրսևորումների արգելքն է: Իրավունքների խախտման դեպքում հնարավոր է դատական հայց ներկայացնել: Օրենքի նախագծով կներդրվի նաև անձնական օգնականի ծառայությունը:
Նախարարությունում հուսով են, որ նախագծի ամենակարևոր հաջողությունը կլինի հասարակության դրական վերաբերմունքը ֆունկցիոնալ սահմանափակում ունեցող անձանց հանդեպ: