Լողի Ռուսաստանի Դաշնության ազգային հավաքականը տարվա գլխավոր իրադարձության՝ Օլիմպիական խաղերի նախապատրաստական փուլը մեկնարկում է ծաղկաձորյան հավաքով։ Գլխավոր մարզիչ Սերգեյ Չեպակը պնդում է՝ Ծաղկաձորի մարզահամալիրի ու, հատկապես, լողավազանային պայմանների պես հնարավորություն դժվար է գտնել մեկ այլ վայրում։
Բարձր լեռնային գոտում մարզումները թույլ են տալիս հավաքականի առաջատարներին նախապատրաստվել ավելի լավ, քան եթե հավաքն անցկացվեր մեկ այլ վայրում։ Առհասարակ, գլխավոր մարզչի՝ Սերգեյ Չեպակի համար Հայաստանը պարզապես տեղ չէ, ուր գալիս է մարզվելու, այստեղ ինքն ու հավաքականն իրենց հարազատ միջավայրում են զգում։
Ռուս մարզիկների նկատմամբ կիրառվող պատժամիջոցներն ազդում են նաև լողորդների վրա։ Միջազգային ստուգատեսերում, առժամանակ, արգելվում է ռուսաստանցիներին հանդես գալ Ռուսաստանի Դաշնության դրոշի ներքո, իսկ հաղթանակի դեպքում չի հնչում ազգային օրհներգը։ Գլխավոր մարզչի պնդմամբ, եթե այդ որոշումն սկզբնական փուլում մի շարք լողորդների հիասթափության, հուսահատության պատճառ էր դարձել, ապա այժմ, տևական հոգեբանական ու վերլուծական աշխատանքներից հետո, նրանք կարողանում են տրամադրվել ավելի լավ։ Եթե պատժում են, ապա իրենք պետք է ավելի լավ հանդես գան։
Այս հավաքից հետո ընտրանին կմեկնի Կազան: Այդտեղ կմասնակցեն ստուգատեսի, որի արդյունքների հիման վրա վերջնականապես կձևավորվի լողի Ռուսաստանի ազգային ընտրանին, որը կմեկնի մասնակցելու Եվրոպայի առաջնությանը։ Տարվա գլխավոր միջոցառումն էլ, իհարկե, մնում են Օլիմպիական խաղերը։ Մասնակիցների քանակի ու մեդալային սպասումների մասին գլխավոր մարզիչը չի պատրաստվում խոսել:
Տոկիոյում մեկնարկելիք խաղերից մոտ մեկ ամիս առաջ լողի Ռուսաստանի հավաքականը ևս մեկ անգամ գալու է Ծաղկաձոր, ապա՝ Վլադիվոստոկ, որտեղից էլ մի քանի օր անց կմեկնի Օսակա։