Ֆիլհարմոնիայի մուտքից անգամ անզեն աչքով երևում է` նորոգելու, հինը նորով փոխարինելու շատ բան կա: Այստեղ կատակում են՝ մուտքի բռնակը նույնիսկ ներսում աշխատող ամենահնաբնակներից էլ հին է: Համերգասրահի ռեստարտի համար ծախսատար աշխատանքներ են սպասվում, բայց որ դրանք անհրաժեշտ են՝ փաստերն են վկայում:
Մնացականյանն ասում է՝ համերգասրահում պահպանված չեն անգամ համապատասխան գույնը, դեկորացիան, ինչը նման դահլիճներին հարիր չէ:
Համերգասրահի նախկին ակուստիկան վերադարձնելու համար գոնե պետք է վերականգնվի նաև երգեհոնը, ինչի համար, ըստ Մնացականյանի՝ գուցե մի քանի ամսով փակվեն դահլիճի դռները:
Վիկտոր Մնացականյան (Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և «Արամ Խաչատրյան» համերգասրահի տնօրեն) - Ակուստիկայի վերականգնման հարցը ճարտարապետության փուլում է, հետո միայն վերանորոգում է լինելու:
Համապատասխան ֆինանսավորում ստանալուց հետո օդափոխության հարցը ևս օրակարգում է:
Մնացականյանն ասում է՝ այն կհաստատի «Արամ Խաչատրյան» համերգասրահ այցելած յուրաքանչյուր հանդիսատես: Ֆիլհարմոնիկի թիմը մտածում է նաև տարեց հանդիսատեսի համար վերելակ տեղադրելու մասին:
Նորանշանակ տնօրենը շենքում ամեն անկյունը նկարագրելով, պատմում է, թե ինչից ինչ են դարձնելու: Վստահեցնում՝ ֆիլհարմոնիայի դահլիճի շենքում ոչ մի խորհրդանիշ չի փոխվի:
Վիկտոր Մնացականյան - Քարը ֆունդամենտալ է, բեմը, երգեհոնը, ջահերը, բայց կոսմետիկ շատ բան կա անելու:
Երաժիշտների համար նախատեսված հանգստի սենյակ չկա: Բուֆետը վաղուց ոչ միայն սնվելու, այլև հանգստասենյակ է դարձել: Ֆիլհարմոնիայի տնօրենն ասում է, որ շենք մուտք գործելու պահից որոշել են՝ որտեղ և ինչ պայմաններում ազատ ժամանակը կանցկացնեն երաժիշտները:
Ֆիլհարմոնիան ոչ միայն արտաքինից թարմ, շքեղ տեսք պետք է ստանա, այլև բովանդակային լուրջ փոփոխություններ են լինելու: «Ֆիլհարմոնիկը՝ 365 օր»՝ հենց այս սկզբունքով է աշխատելու «Արամ Խաչատրյան» համերգասրահը: Խոստանում են՝ տարբեր ճաշակի տեր հանդիսատեսն այստեղ չի ձանձրանա՝ կհնչի դասականից՝ ջազ, հոգևորից մինչև փորձարարական երաժշտություն։
Վիկտոր Մնացականյան - Երկուշաբթի լինելու է դպրոցական ֆիլհարմոնիան, չորեքշաբթի լինելու է էքսպերիմենտալ երաժշտության օր թե՛ մեր հայ, թե՛ դրսի, ուրբաթ՝ Ֆիլհարմոնիկի օրն ա, շաբաթ ջազի օրեր ենք ունենալու և կիրակի՝ երիտասարդական օրկեստրների հետ: Յուրաքանչյուր համերգի 700 երեխա հնարավորություն կունենա ունկնդրել դասական երաժշտություն: Այստեղ վստահ են՝ սա երեխաներին դասականին մոտեցնելու ամենակարճ ճանապարհն է:
Վիկտոր Մնացականյան - Երեխեքը պետք ա ծիծաղեն, նաև մասնակից լինեն, ու ռեժիսորը ինչ որ պահի ասում ա՝ էս պահին պետք դո, թեքվենք աջ, ձախ:
Գնային քաղաքականությանը ևս օրակարգային է՝ կլինեն ինչպես 1000 դրամանոց, այնպես էլ մինչև 30-40 հազարը գերազանցող տոմսեր: Բայց ամենակարևոր խնդիրը, որ դրել են իրենց առաջ, հանրությանը դասականին մոտեցնելն է: Քաղաքը պետք է իմանա, թե ինչ աշխարհահռչակ երաժիշտ է այդ պահին Հայաստանում, ու ինչ համերգներ են առհասարակ սպասվում: Նախաձեռնողները մի փոքր փոխելով տարիներ առաջ հայտնի դարձած միտքը, կեսկատակ-կեսլուրջ վստահեցնում են՝ քաղաքը դասական է լսելու: