Ադրբեջանի զինված ուժերը 2020-ի սեպտեմբերի 27-ին զինված հարձակում են իրականացրել Արցախի դեմ: Թուրքական բանակի և ջիհադական վարձկանների աջակցությամբ հարձակումներ են իրականացվել հարձակողական ԱԹՍ-ներով, ծանր զրահատեխնիկայով, հրթիռային համակարգերով ու հատուկ նշանակության ջոկատներով: Արցախյան պատերազմի մասին հոդված է հրապարակել Ahval-ը:
44 օր տևած կատաղի հակամարտության հետևանքով զոհվել է առնվազն 3500 հայ, շուրջ 100 հազար քաղաքացի տեղահանվել է: Ականատեսների պնդմամբ՝ Ադրբեջանից զինվորականները խեղել են հայերի մարմինները, գլխատել են քաղաքացիներին և օգտագործել են արգելված զինատեսակներ, ինչպիսիք են կասետային ռումբեր ու սպիտակ ֆոսֆոր: Անհրաժեշտ է պատժամիջոցներ կիրառել՝ մարդկության դեմ պատերազմական հանցագործություն կատարած հեղինակներին պատասխանատվության ենթարկելու համար:
Պարբերականը նշում է, որ Թուրքիան Սիրիայից ու Լիբիայից 2000 իսլամիստ ջիհադական է տեղափոխել՝ պարգևատրում խոստանալով հայերին սպանելու համար: Ջիհադականների պարագլուխների ինքնությունը պարզվել է:
Հոդվածագիրը հիշատակում է ջիհադական առաջնորդների մասին: Սայֆ Բալուդը (Սայֆ Աբու Բաքր) մասնակցել է Սիրիայի Աֆրին քաղաքում իրականացված «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությանն ու Լիբիայի քաղաքացիական պատերազմին: Բալուդն ու իր վարձկանները պատասխանատու են բազմաթիվ հանցագործությունների համար: Նա Թուրքիայի ամենավստահելի առաջնորդներից մեկն է:
Ֆեհիմ Իսան (Իսա ալ Թուրքմանի) նույնպես հայտնի առաջնորդներից մեկն է, որը 2015-ին ղեկավարել է «Սուլթան Մուրադ» դիվիզիան: Նա ներգրավված է եղել Թուրքիայի «Եփրատի վահան» ռազմական գործողություններում:
Պարբերականը նշում է, որ Լեռնային Ղարաբաղում այս ջիհադականներին ղեկավարել է Թուրքիայի ազգային հետախուզության ղեկավար Հական Ֆիդանը: Պատերազմի դաշտում ռազմական գործողություններն առաջնորդել են Թուրքիայի գործող հրամանատարներ, բարձրաստիճան զինվորականներ: Սիրիացի վարձկաններին վճարվել են ամսական մինչև 2000 դոլար:
Հոդվածի հեղինակն ընդգծում է, որ ի տարբերություն ԱՄՆ նախկին վարչակազմի, Միացյալ Նահանգների ներկա իշխանությունն առավել կոշտ դիրքորոշում է ցուցաբերում Թուրքիայի հանդեպ՝ կապված տարածաշրջանում Անկարայի վարած քաղաքականության հետ: ԱՄՆ-ը պետք է պատժամիջոցներ սահմանի մեղավորների նկատմամբ՝ կիրառելով ճանապարհորդելու արգելքներ, սառեցնելով արտասահմանյան բանկային հաշիվները: Պատերազմական հանցագործությունների դիմաց Թուրքիային ու Ադրբեջանին պատասխանատվության ենթարկումը մարդկության դեմ հետագա հանցագործությունների կանխման լավագույն միջոցն է: