Նախարարի պաշտոնում Անահիտ Ավանեսյանի առաջին այցն է Շիրակի մարզ։ Նա ասաց, որ ծանոթանալու է մարզում առկա խնդիրներին, քննարկելու են լուծման ուղիները։ Իսկ սկզբում մասնակցեց Գյումրի ԲԿ-ում բժշկական երկու կաբինետի բացման արարողություններին։
Առաջինն ինսուլտով հիվանդների առանձին բաժանմունքն է։ Սարքավորումները հիվանդանոցն է ձեռք բերել վարկային միջոցներով։ Երկրորդը թթվածնի 100 մլն դրամ արժողութան կայանն է։ Այն ստեղծվել է կառավարության սուբվենցիոն ծրագրով։ Անհրաժեշտությունը խիստ զգացվել է հատկապես կորոնավիրուսի երկրորդ ալիքի բռնկման ժամանակ, երբ թթվածինը մարզում չէր բավարարում, ստիպված էին բերել Լոռուց ու Երևանից, հիմա այլևս խնդիր չէ՝ ասում է հիվանդանոցի գործադիր տնօրենը։
Նախարար Անահիտ Ավանեսյանը, լրագրողերի հետ զրույցում, գնահատեց կորոնավիրուսի տարածման ներկա տեմպերը, այն լիովին վերահսկելի է, բայց դժվար է ասել, որ արդեն հաղթահարել ենք։ Ներկայում ակտիվ բանակցություններ են ընթանում պատվաստանյութ ձեռք բերելու համար։ Արդեն պատվաստվողներ կան՝ ասաց Ավանեսյանը։
Նախարարը խոսեց նաև «Մարդու իմունային անբավարարության՝ վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ԱԺ բերված և մերժում ստացած նախագծի մասին: Ըստ նրա՝ նախագծում առկա 14 տարեկանների թեստավորման վերաբերյալ կարգավորումը վաղուց ամրագրված է գործող օրենքում: Նախագիծը լրամշակվելուց հետո նորից կուղարկեն Ազգային ժողով։