Իր 32-րդ թատերաշրջանը Մաչանենց թատրոնն սկսում է նոր՝ «Հայոց լեգենդներ» ներկայացման բեմելով: Այս անգամ թատրոնի հիմնադիրներն ընտրել են հայոց դիցաբանության 3 առասպելական հերոսներին՝ Հայկ Նահապետին, Արա Գեղեցիկին և Արամ արքային, որոնց կերպարներում մեր ժողովրդի հավաքական միտքը խտացրել է արժանապատիվ հայի ամբողջական նկարագիրը:
Այսօր կայուն թատերական խաղացանկում 22 ներկայացում ունեն, որոնք խաղում են գրեթե ամենօրյա ռեժիմով: Թատրոնի հիմնադիրը փաստում է՝ այսօրվա պրագմատիկ աշխարհում մարդուն հոգևոր սկզբին կապելը չափազանց կարևոր է՝ միակ բանն է, որ չի արժեզրկվում:
Ազգային առասպելաբանության 3 հերոսների՝ Հայկ նախահոր, Արամ աշխարհակալ արքայի և Արա Գեղեցիկի տարբեր պատմությունները միավորվում են մեկ ընդհանուր սյուժետային գծում՝ ընդգծելով ազգային էության գլխավոր առանձնահատկությունները:
Առասպելական հերոսների կերպարի բացահայտման բանալին գտնելը հեշտ չէր՝ նշում է Հայկ Նահապետին կերպավորած Պապ Իսպիրյանը, պետք էր արտաքին նկարագրից գնալ դեպի ներքին, հզոր ոգին:
Արդեն 3 տասնամյակից ավելի Մաչանենց թատրոնը հավատարմորեն ծառայում է ազգային արժեհամակարգը հանդիսատեսին մատուցելու իր առաքելությանը՝ «Հայոց լեգենդների» բեմադրությունը քայլ առաջ է այդ ճանապարհին: